ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատել նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան պրակտիկա» քննարկմանը:
Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի օրակարգն ու մանդատը, քանի որ կանայք անվտանգության, պետական կառույցների կառուցման անմիջական շահառուներն են: Նախարարի խոսքով՝ հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է, և Հայաստանը հանձնառու է բազմակողմ տարբեր հարթակներում խթանելու կանանց օրակարգը:
Երկուստեք բարձր է գնահատվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը Հայաստանի կառավարության կողմից: