«Խոսակցությունը չպետք է լինի շանտաժային կամ ավելորդ ուժի դիրքերից». Վահագն Խաչատրյանը՝ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին
Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը համարում է, որ Օպերայի հարակից տարածքում սրճարանների խնդիրը պետք է լուծվի անհատական կարգով՝ օրենքի շրջանակներում։ 168.am-ի հետ զրույցում նա մի քանի կետեր նշեց։
«Առաջին՝ ինչքանո՞վ է օրինական այդ տարածքներոմ աշխատող սուբյեկտների կարգավիճակը։ Ժամանակին այդ տարածքների հատկացումներն անօրինական են կատարվել, կանաչ գոտիներում նման կառույցների իրավունք չկա, գործնականում դրանք ժամանակավոր պետք է լինեին և անհրաժեշտության դեպքում տեղափոխվեին, այսինքն՝ թեթև կոնստրուկցիաներով պետք է լինեին։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ հարցի լուծումն այդտեղից պետք է սկսել։
Երկրորդ՝ եթե սրճարանների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Երրորդ՝ եթե կան պայմանագրեր, և դրանցում որևէ բան նախատեսված չի, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում պետք է սրճարանը հանվի, այդ պայմանագիրը կնքված է քաղաքային կամ տեղական իշխանությունների հետ, այդ դեպքում միանշանակ է, որ խոսակցությունը պետք է ավարտվի երկկողմ համաձայնությամբ կամ դատարանում։ Այս շրջանակներում ամեն մի առանձին դեպքում պետք է հարցի լուծում տալ»,- ասաց Վ.Խաչատրյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ տարիների ընթացքում Երևանում կանաչ տարածությունների հաշվին, կառուցապատման իրավունք չունենալու պայմաններում՝ բազմաթիվ թույլտվություններ են տրվել, այդ թվում՝ Օղակաձև զբոսայգում, որոնք հակասել են թե՛ այն ժամանակ, և թե՛ այսօր գործող օրենքներին. «Հիմա քաղաքային իշխանությունները նման ցանկություն ունեն, և պետք է ասել՝ լավ ցանկություն է, որ Օպերայի այգին հին տեսքով վերականգնի ու վերադարձնի քաղաքացիներին։ Լուծումը ես տեսնում եմ իմ նշած հարցերի շրջանակներում։ Ուղղակի խոսակցությունը չպետք է լինի շանտաժային կամ ավելորդ ուժի դիրքերից, այլ օրենքի և իրավասությունների շրջանակներում հարցը պետք է լուծվի։ Եվ ես շատ կարևորում եմ, թե ում կողմից են տրամադրվել անօրինական թույլտվությունները։
Եթե կպարզվի, որ կան պայմանագրեր, որոնց ժամկետները երկար են, դրանց վերաբերյալ վերաբերմունքն այլ պետք է լինի։ Կարծում եմ՝ քաղաքային իշխանությունները խելամիտ կվարվեն։ 10-15 տնտեսվարողներ են, պետք է գրվի նրանց մասին, նաև անցած տարի նրանց տնտեսական գործունեության մասին՝ ինչքան աշխատող ունեն, ինչքան հարկեր են վճարել, որ այս ոչ տեղին խոսակցություններն ավարտվեն»։
Վ.Խաչատրյանի կարծիքով՝ այդ տարածքում կանաչապատ տարածքների վերականգնումն էական ազդեցություն չի ունենա քաղաքի ընդհանուր կանաչապատման տեսակետից, բայց Օպերայի այգին պետք է վերականգնվի՝ որպես միջավայր. «Այստեղ քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու խնդիրն է։ Մի ընդհանուր խնդիր կա, որ Երևանի կոնցեպտի կամ զարգացման գաղափարի մեջ է դրվում, որ տուրիստներ գան, մարդիկ ամառը դրսում շատ ժամանակ անցկացնեն։ Այս հանգամանքից ելնելով՝ քաղաքային իշխանությունն իր մոտեցումը պետք է հստակ ու արագ ներկայացնի տնտեսվարողներին։ Կարծում եմ՝ Երևանը գրավիչ է դրանով, և պետք չէ այդ գրավչությունը կորցնել, պետք է համատեղել՝ կանաչ տարածք, հարմարավետություն և հարմար միջավայր»։
Սրճարանատերերի բողոքը, թե Հայկ Մարությանը ոչինչ չի կառուցել, բայց քանդում է, Վ.Խաչատրյանը «շատ թույլ փաստարկ» անվանեց. «Թույլ դիրքերից խոսելու, բարոյական դաշտ տանելու փորձ է։ Իսկ որ ժամանակին այգին քանդել են, մեզ հարցրե՞լ են։ Այսօր երկհարկանի շենքերը, որ Օպերան փակել են, մի՞թե տեղին են։ Դա փաստարկ չի, էժան մեթոդներ են ընտրում։ Ես կուզեի, որ քաղաքապետն այդ հարցերում վճռական և հստակ իր խոսքն ասի։ Եվ թող իմանան, որ շատերը պաշտպանում են այգին վերականգնելուն ուղղված գործողությունները, բայց իրենց թույլ չեն տա գնալ այնտեղ։ Կարծում եմ՝ պետք է ապահովել հրապարակայնություն, ամեն մեկի մասին տեղեկություն տալը, կարող է նաև սեփականատերերի անունը հրապարակել, նշել ժամանակաշրջանը, թե ո՞ր քաղաքային իշխանությունն է տվել այդ թույլտվությունները»։