Բաժիններ՝

Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ կապված՝ կան ռիսկեր. Պետությունը դեռ չի ընդունել նվերը

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու խնդրին։

Ըստ նրա՝ պետությունը դեռ չի ընդունել հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, քանի որ որոշակի ռիսկեր կան։

«Հիմա ես հստակ չեմ կարող ասել՝ ինչպես, բայց էդ ռիսկը կա, և որպեսզի էդ ռիսկը չլինի, մենք առաջարկել ենք, որ գործընթացը թեկուզ մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն Ծաղկաձորի այդ հյուրանոցը, և որն արդեն առանց այլ պարտավորությունների կկարողանա տրվել պետությանը»,-ասաց նա։

«Մենք այդ ռիսկերը ներկայացրել ենք կառավարությանը, առայժմ քննարկման փուլում են այլ պետական մարմինների հետ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ գույքը նվեր ընդունելու մասին կառավարության որոշում է լինելու, հետևաբար՝ դրա մասին դուք անպայման իմանալու եք»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ «Գոլդեն Փելես» ՍՊԸ բալանսում, բացի Ծաղկաձորի գույքից, կան շատ այլ գույքեր, այդ թվում՝ Երևանում, և օրենքով նվիրատվություն կատարելուց հետո 3 տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա տվյալ ՍՊԸ-ն կարող է հետ բերել այդ գույքը:

Կարդացեք նաև

Բաբայանը նաև տեղեկացրեց, այլ նվիրատուներ դեռևս ի հայտ չեն եկել։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ եթե, ի վերջո, առանց որևէ ռիսկի այդ հյուրանոցը փոխանցվի պետությանը, ի՞նչ է լինելու հետագա ճակատագիրը՝ պետությո՞ւնն է սկսելու շահագործել այն, թե՞ մասնավորեցվելու է։

«Ոչ, պետությունը չի շահագործի, ես վստահ եմ, որ չկա պետական որևէ մի կառույց, որը կարող է լավագույն տնօրինումը կատարել հյուրանոցային բիզնեսում, բայց կարող է տալ հավատարմագրային կառավարման կամ կարող է օտարել, արդեն գնորդն ինքը կորոշի, թե ինչ ձևով է աշխատեցնելու։ Մենք կփորձենք էնպես անել, որ հյուրանոցը հնարավորինս ցնցումների չենթարկվի, և, եթե հնարավոր լինի, նաև բնականոն աշխատանքը շարունակվի»,- ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ըստ 2018թ. հոկտեմբերին ԱԱԾ Քննչական վարչության տարածած հաղորդագրության՝ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս