Բաժիններ՝

Նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքը հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում: Այդ մասին Տեխասի նահանգը ներկայացնող օրենսդիրը հայտարարել է Vanity Fair ամերիկյան հանդեսի քաղաքական հավելվածի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 13-ին:

«Դուք, հավանաբար, հասկանում եք, որ ես պատրաստվում եմ թեկնածու առաջադրվել,-հրատարակությունը մեջբերել է Օ՛Ռուրքի խոսքը:-Դա ճիշտ է: Կարծում եմ՝ ինձ մոտ կստացվի»:

«Ես ցանկանում եմ մասնակցել»,-հավելել է նա: Այս տարի ավելի վաղ Օ՛Ռուրքը հայտարարել էր, որ շուտով վերջնական որոշում կընդունի նախագահական մրցավազքին մասնակցելու վերաբերյալ: Նա չէր բացառել, որ հավակնելու է սենատորի պաշտոնի: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Վերմոնտի նահանգից 77-ամյա սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին:

Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ):

Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս