Բրազիլիայի Սան Պաուլուի նահանգում եռօրյա սուգ է դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել մարտի 13-ին Սան Պաուլուում երկու չարագործների զինված հարձակման հետեւանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին Բրազիլիայի ղեկավարը գրել է Twitter-ում:
«Ցավակցություն եմ հայտնում Սան Պաուլուի նահանգի Սուզանու մունիցիպալիտետում դպրոցի վրա անմարդկային հարձակման զոհերի հարազատներին: Չարագործների այդ արարքը ցնցում է իր հրեշավորությամբ ու վախկոտությամբ»,- նշել է նա: Ավելի վաղ Սան Պաուլուի նահանգի նահանգապետ Ժոաու Դորիան եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Դպրոցի երկու նախկին աշակերտներ՝ 17-ամյա Գիլիերմե Մոնտեյրոն եւ 25-ամյա Էնրիկե դե Կաստրոն, դիմակավորված կրթական հաստատության շենք են ներխուժել դասամիջոցին եւ կրակ բացել միջանցքներում գտնվող սովորողների վրա: Ճշտված տվյալներով՝ սպանվել է ութ մարդ, այդ թվում՝ 15-17 տարեկան հինգ դեռահաս եւ երեք մեծահասակ, ներառյալ մարդասպաններից մեկի հորեղբայրը: Եվս 17 մարդ վերքեր է ստացել: Հարձակվողներից մեկը հրաձգությունից հետո սպանել է երկրորդ հարձակվողին եւ ապա ինքնասպան եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: