Նոր նախագծի իրականացման հետևանքով 400-ից ավելի մարդ գործազուրկ կդառնա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում:
Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն:
Դրանց փակման հետեւանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, եւ գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ:
Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաեւ գույքահարկի հավաքագրման հետ կապված: Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, արդեն 2018թ. 4 ընկերությունների կողմից՝ 4 մլրդ 119 մլն դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: