Դավիթ Տոնոյանը և Ռասա Յուկնևիչինեն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցության հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 13-ին ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնևիչինեին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակում քննարկումների անցկացումը և համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո տիկին Յուկնևիչինեն ջրել է ՊՆ վարչական համալիրի տարածքում 2012 թվականին՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնական այցի ընթացքում իր կողմից տնկված եղևնին: