«Գործն ուզում են ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի». Հայկ Ալումյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ նիստը կշարունակվի վաղն առավոտյան։
«Կարելի է ասել, որ այս նիստի ընթացքում մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, որ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով հետաձգվի, և բերում են նույն փաստարկները, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Վաղը մենք կհնչեցնենք մեր գնահատականները։ Այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, վաղվա նիստի հետ կապված դեռ տեղյակ չենք»,- նշեց Հայկ Ալումյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարան ներկայացրած երկու բողոքների հետ կապված որևէ նորություն չկա։
«Մենք այսօրվանից ուզում ենք հասկանալ, թե ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, հասկանում ենք, որ դրանք անգամ ամենակողմնակալ ձևով գնահատելու դեպքում չպետք է ծառայի մեղադրանքների նպատակներին։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ խնդիրը հավանաբար այսպես է նախատեսված, որ այն ուժային ձևով լուծեն։ Այսինքն՝ գործն ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի։ Որևէ օբյեկտիվ դատարան, ներկայիս մեղադրանքով, չպետք է որ դատական վճիռ կայացնի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Զվարթ Խաչատրյան