Աֆղանցի ուժայինները ոչնչացրել են «Ալ Քաիդա»-ի 30-ից ավելի զինյալների
Աֆղանցի ուժայինները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 31 զինյալի են ոչնչացրել Ղազնիի նահանգում իրականացված ավիահարվածի ընթացքում: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: «Ղազնիի նահանգի Գիրոյի շրջանում «Ալ Քաիդայի հնդկական ճյուղի» ռազմակայանին հասցված ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել է 31 զինյալ, որոնց թվում՝ ինը մահապարտ-ահաբեկիչ եւ նրանց ղեկավար Քարի Արիֆը»,-ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայությունը, որն ավելի վաղ զգալի տարածք է նվաճել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրի տարածքում գործում են ԻՊ, «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումները եւ Պակիստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում գործող ահաբեկչական շարժումների հետ կապված խմբավորումներ: