Բաժիններ՝

Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է աջ ղեկով մեքենաները պետության աջակցությամբ ձախակողմյան դարձնելու հնարավորություն տալ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է հնարավորություն տալ աջ ղեկով մեքենաները պետության տեխնիկական աջակցությամբ դարձնել ձախակողմյան տեղաբաշխման: Ուրիխանյանը նման առաջարկ արեց Ազգային ժողովում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը:

Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց արդյոք կառավարությունում քննարկվե՞լ է տարբերակ, որով կարելի է խնդիրը լուծել` միևնույն ժամանակ չեզոքացնելով այն խնդիրը, որից սա առաջացել է: «Մարդիկ լավ օրից չէ, որ ներկրում ու վարում են աջ ղեկով մեքենաներ: Քննարկվե՞լ է արդյոք տարբերակ դրանք ձախակողմյան դարձնելու, տեխնիկապես վերափոխելու հարցը: Միգուցե պետության կողմից կազմակերպված տեխնիկական միջամտության հնարավորություն տրվեր` այդ մեքենաները ձախակողմյան դարձնելու համար»,- առաջարկեց Ուրիխանյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ այդպիսի քննարկումներ տեղի են ունեցել: «Մենք կառավարության համապատասխան որոշմամբ թույլատրել էինք, որ որոշ ռեժիմով կարողանան ներմուծել և ղեկի տեղաբաշխումը փոխել: Այնուամենայնիվ, կան մեքենաներ, որոնց ղեկի տեղափոխությունն ընդհանրապես տեխնիկապես անհնարին է, ինչպես նաև ղեկի տեղափոխման հետ կապված ռիսկեր կան: Եղել է քննարկում, սակայն այդ պահին որևէ մեխանիզմ չկա»,-ասաց նա:

Նախարարը նաև նկատեց, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքն ընդունվել է նախկին կառավարության ժամանակ, և ուղղակի ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Հիմա ուղղակի փաստի առաջ կանգնած մարդկանց թույլ են տալիս լուծել խնդիրը: Արշակյանը նշեց, որ պատգամավորի առաջարկած հարցի վերաբերյալ հետագայում կրկին կլինեն քննարկումներ, և նպատակահարմարությունը կքննարկվի:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկվում է մինչ այս տարվա մայիսի 1-ը թույլատրել Հայաստան ներմուծել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև աջ ղեկով այն մեքենաները , որոնք ձեռք են բերվել մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս