Հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ:
2019 թվականի մարտի 13-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով», ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2019 թվականի մարտի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրայլ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 33-ամյա տղամարդը նշված վնասվածքներն ստացել է 2019 թվականի մարտի 12-ին՝ Ժամը 23-ի սահմաններում, համագյուղացու հետ վիճաբանության ժամանակ: Վերջինս դիմել է փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավում, հարցաքննվել ականատես վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: