Հանրությունն այդպես էլ չլսեց իր սպասելիքների պատասխանը. Գագիկ Ծառուկյանը՝ Արցախում անցկացված ԱԱԽ համատեղ նիստի մասին
«Բարգավաճ Հայաստանը» ողջունում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստի անցկացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ հանրությունն այդպես էլ չլսեց իր սպասելիքների պատասխանը:
«Կարող է մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, լիարժեք չէր»,- ասաց նա:
Ըստ Ծառուկյանի՝ ՄԽ համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն էր, որը չի բավարարում հայ ժողովրդին և իրենց համար անընդունելի է: Գ. Ծառուկյանը նշեց, որ Արցախը խնդիրը կարգավորել է և լուծել է միջազգային բոլոր նորմերը պահպանելով, և այսօր, ինչպես Արցախն է անկախ պետություն, այնպես էլ Ադրբեջանն է.
«Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների: Այսօր մեր ժողովուրդը Արցախը հենց այնպես չի վերցրել, արյուն է թափվել»:
Գ. Ծառուկյանը նշեց, որ վարչապետը «լրիվ նորմալ է ասում», որ Արցախը պետք է ինքը մասնակցի բանակցություններին:
«Այսօր հիմնական խնդիրը, եթե Ադրբեջանը 20 տարի ձայն չէր հանում, նստած լռում էր, նա, ասենք թե՝ զինվելով, ամեն ինչ կարգավորելով, այսօր բարձրաձայնում ա, և ոչ մի խաղաղ բանակցությունների մասին նա չի խոսում, միշտ ահաբեկելով զենքով: Դրա համար այսօր այն խնդիրը, որ կախված է մեր պետության, Արցախի ժողովրդի ապագայի խնդիրը, դա այսօր կապ չունի դիմություն, ընդդիմություն, իշխանություն, ազգովի՝ Արցախ-սփյուռք-Հայաստան, պետք է միասնական լինենք, համախմբվենք, որովհետև դա ազգի ճակատագիրն ա»,- ասաց Ծառուկյանը՝ նկատելով, որ ուժեղի հետ են հաշվի նստում: