«Հըլը թող շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կարողանան հարկել, նոր անցնեն YouTube-ով գումար աշխատողներին». Սամվել Մարտիրոսյան
«Հաջորդ շաբաթ YouTube-ի հայիֆիկացման հետ կապված աշխատանքային խումբ կստեղծվի: Կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ բլոգերների, տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծենք օգտվել այդ ինֆորմացիոն հնարավորություններից»,- այս մասին մարտի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Հարցին` YouTube-ով գործունեություն ծավալող և եկամուտ ստացողները հարկային դաշտում կհայտնվե՞ն, նախարարը պատասխանել էր.
«Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտի է վերաբերում: Ինչպես գիտեք՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են տեղի ունենում, միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»:
Խնդիրն այն է, որ Հայաստանում այդ համակարգը դեռ պետք է սկսի աշխատել՝ լեզվային սահմանափակումներ կան, դրան գումարած՝ այն, որ պետք է YouTube-ի հետ համագործակցել, որից բխում է և՛ գովազդ տեղադրելը, և՛ գումար վաստակելը:
«Այսօր, եթե Հայաստանից են գործունեություն ծավալում, ուրիշ երկիր են գրանցում, որովհետև Հայաստանը ճանաչված չէ YouTube-ի կողմից, չես կարող այստեղից աշխատել, բայց եթե սկսեն մեզ հետ նորմալ աշխատել՝ նման բան չի լինի: Մենք խնդիրներ ունենք նաև Google-ի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է հարկելուն, Ս. Մարտիրոսյանը նկատեց. «Հըլը թող շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կարողանան հարկել, նոր անցնեն YouTube»-ին: Իսկ ընդհանրապես, ամբողջ աշխարհում ընդունված է՝ ստացած շահույթի մասով դեկլարացիա կազմել ու հարկ վճարել, իսկ մեզ մոտ մի քիչ ազատ մոտեցումներ են»:
Անի Կարապետյան