Առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարն ավելի ակներև է դառնում. Եվրահանձնաժողով
Եվրամիությունից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարն ավելի ակներեւ է դառնում մարտի 12-ին բրիտանական խորհրդարանում համաձայնագրի նորացված տարբերակի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին:
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, լրջորեն մեծացրել է առանց գործարքի Brexit-ի՝ չկանոնակարգված եւ կոշտ ելքի ռիսկը,-ասել է նա՝ ելույթ ունենալով France 2 հեռուստաալիքի եթերում:-Դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք, բայց գոյություն ունի իրական ռիսկ»: «Շատ շանսեր կային… Եվրամիությունը հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի առաջարկի լուծում, տա երաշխիքներ»,-ասելէ նա՝ հաստատական պատասխան տալով հաղորդավարի այն հարցին, թե կարելի է արդյոք Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ երեկ Ստրասբուրգում անցկացված բանակցությունները համարել գործարքի նոր պամյանները համաձայնեցնելու «վերջին շանսը»:
Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի պատրաստվել իրադարձությունների զարգացման այդ տարբերակին, սակայն հնարավոր է համարել Brexit-ի եզրափակիչ ամսաթվի տեղաշարժումը:
«Դա կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի պատրաստվի այլ, քաղաքական որոշում»,- պարզաբանել է եվրակոմիսարը՝ հրաժարվելով հանգամանորեն մեկնաբանել բրիտանական կողմի հետ այդ որոնումների հեռանկարները: Մոսկովիսին նշել է, որ լրացուցիչ ժամանակը կարող է օգնել գտնելու փոխզիջումային տարբերակ, որը կբավարարի բրիտանացի խորհրդարանականներին, ինչպես նաեւ ավելի լավ նախապատրաստվել առանց համաձայնեցված պայմանների հարաբերությունների խզմանը: Մոսկովիսիի խոսքով՝ գերակա խնդիրներից մեկն այժմ մաքսային մեխանիզմների աշխատանքի կարգավորումն է: Դրա հետ մեկտեղ նա վստահություն է հայտնել, որ «ամեն ինչ բավականաչափ պատրաստ է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: