Բաժիններ՝

«Ես խորապես ափսոսում եմ այն որոշման համար, որը պալատն ընդունեց այս երեկո». Մեյ

Բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: Քվեարկության ընթացքում, որը մարտի 12-ին կայացել է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժեց համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել է 242 պատգամավոր։

Այսպիսով, Եվրամիության հետ պաշտոնական «ապահարզանի» ամսաթվից 17 օր առաջ Լոնդոնն ու Բրյուսելը չունեն Brexit-ի իրականացման հստակ պայմաններ:
Այս արդյունքն անակնկալ չդարձավ, քանի որ ավելի վաղ Մեյի գործարքը պաշտպանելուց հրաժարվել էր ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարության ղեկավարի կուսակիցների մի մասը:

Քվեարկության արդյունքները դարձան Թերեզա Մեյի նոր պարտությունը, որի դիրքը Պահպանողական կուսակցությունում այնքան է խարխլվել, որ թորիներից շատերն սկսել են բացահայտորեն խոսել, որ նրան հարկավոր կլինի մտածել պաշտոնաթողության մասին:
Մեյն ինքը ափսոսանք է հայտնել Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքների առթիվ: Նրա ելույթը հեռարձակել է բրիտանական հեռուստատեսությունը:
«Ես խորապես ափսոսում եմ այն որոշման համար, որը պալատն ընդունեց այս երեկո»,- ասել է Մեյը:

Նա նշել է, թե հավատում է, որ Brexit-ի լավագույն տարբերակը կդառնա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալը՝ համաձայնագրի առկայությամբ, իսկ իր կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքը «լավագույնն է եւ միակ հասանելին»:

Մեյը հավաստել է, որ մարտի 13-ին Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի այն հարցի շուրջ, թե բրիտանացի պատգամավորները պատրաստ են արդյոք ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ Մեյի կառավարությունը պետք է ընդունի, որ իր գործարքն «ակնհայտորեն մեռած է եւ չի վայելում Համայնքների պալատի աջակցությունը»: Նա նաեւ ընդգծել է, որ պետք է բացառել առանց Բրյուսելի հետ համաձայնագրի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս