Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց ֆրանս-գերմանական խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը կոչված է բարելավել համագործակցությունը երկու երկրների միջեւ, այդ թվում՝ միջազգային հարցերի շուրջ: Ազգային ժողովի կայքում զետեղված հեռարձակման համաձայն, այդ որոշումը պաշտպանել է պատգամավորների ճնշող մեծամասնությունը
«Այսօրվա բանաձեւը նոր փուլ է ներկայացնում ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի միջեւ գործընկերության ուժեղացման ճանապարհին»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավարին առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն՝ ելույթ ունենալով բանավեճերի փակմանը:
Նրա խոսքով՝ այդ մարմինը պետք է նպաստի Եվրամիության առջեւ ծառացած մարտահրավերներին Փարիզի եւ Բեռլինի առավել ուժեղ համատեղ պատասխանին: Խորհրդարանական վեհաժողովում կընդգրկվեն Ֆրանսիայի եւ Գերմանիայի խորհրդարանների 50-ական պատգամավոր, այն կգլխավորեն Ազգային ժողովի եւ Բունդեսթագի նախագահները:
Նիստերը պլանավորվում է անցկացնել առնվազն կես տարին մեկ՝ հաջորդաբար Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Առաջին անգամ այս քաղաքական մարմինը նիստ կգումարի մարտի 25-ին Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: