Բաժիններ՝

Վենեսուելայում հինգերորդ անընդմեջ հանգստյան օրն է հայտարարվել բլեքաութի պատճառով

Վենեսուելայի իշխանությունները երկրում շարունակվող էներգետիկական ճգնաժամի ֆոնին մարտի 12-ը հայտարարել են հինգերորդ անընդմեջ հանգստյան օրը։

«Աշխատանքային գործունեությունը եւ բոլոր մակարդակներով կրթական պարապմունքները դադարեցնելու մասին հանրապետության նախագահի հրամանագիրը երկարացվում է եւս 24 ժամով»,- հայտարարել է Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը պետական հեուստատեսության եթերում: Մարտի 7-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում, որը բավարարում է երկրում էլեկտրականության պահանջմունքի 80 տոկոսը:

Դրան հետեւած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինաամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել էր 23 նահանգներից առնվազն 20-ը: Վթարը ծանր հարված է հասցրել տրանսպորտային համակարգի եւ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրականության եւ ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին:

Կարակասի մետրոն, որն ավելի վաղ օրական սպասարկում էր միլիոնավոր մարդկանց, փակ է մնում: Վենեսուելայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առաջարկով մարտի 11-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հանրապետությունում՝ նրա տարածքի մեծ մասում էլեկտրաԷներգիայի անջատումների պատճառով:

Մինչ այդ Գուայդոն դիմել էր Ազգային ժողովին երկրում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու առաջարկով, որպեսզի միջազգային օգնություն ապահովվի երկրի Էներգահամակարգի վերականգնման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս