Իդրիս Էլբան Ուիլ Սմիթին կփոխարինի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի շարունակության մեջ. THR
Դերասան Իդրիս Էլբան Ուիլ Սմիթին կփոխարինի «Ինքնասպանների ջոկատը» (2016 թ.) մարտաֆիլմի շարունակության մեջ: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Նրա տեղեկությունների համաձայն, Էլբային Սմիթի փոխարեն մարդասպան Դեդշոթի դերի համար վերցնելու որոշումն ընդունել է ռեժիսոր Ջեյմս Գանը: Warner Bros. կինոստուդիան նրան վարձել է նոր «Ինքնասպանների ջոկատի» նկարահանման համար:
Ռեժիսորը բրիտանացու հետ հանդիպել է մարտի 1-ին եւ այնքան է տպավորվել, որ պարտավորագրի կնքման շուրջ ստուդիայի հետ դերասանի բանակցություններն սկսվել են առանց հապաղելու:
Ինչպես հիշեցնում է հանդեսը, Warner Bros.-ի նոր նախագիծը տեղապտույտ էր տալիս գրեթե երկու տարի՝ կապված ռեժիսորների եւ սցենարիստների թեկնածուների մշտական փոփոխման հետ: Գանի գալով, որին ավելի վաղ հեռացրել էր Disney ստուդիան, նկարահանումներն իրական ուրվագծեր են ստանում: Հայտնի է, որ Գանը որոշել է կինոնկարի գործող անձանց կազմում ընդգրկել այնպիսի հերոսների, որոնք առաջին ֆիլմում չեն եղել: Թողել են Դեդշոթին, Հառլի Քվինին եւ Ռիք Ֆլագին, որոնց դերակատարներն էին Սմիթը, Մարգո Ռոբին եւ Յուել Քինամանը: Պլանավորվում է, որ մարտաֆիլմի շարունակությունն ԱՄՆ-ի էկրաններ կբարձրանա 2021 թվականի օգոստոսի 6-ին:
Իդրիս Էլբան ծնվել է 1972 թվականին Լոնդոնում: Նա հայտնի է «Խաղաղօվկիանոսյան բնագիծ» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմով (2013 թ.), «Մեծ խաղ» (2017 թ.) դրամայով եւ «Թոր» եռերգությամբ: 2012 թվականին Էլբան «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Հեռուստատեսային մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան» կատեգորիայում՝ «Լյութեր» (2010 թ.) բազմասերիանոց դետեկտիվում խաղացած դերի համար:
People հանդեսը 2018 թվականի աշնանը բրիտանացի դերասանին ճանաչել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդը: Տարբեր տարիների այդ կոչմանն արժանացել են դերասաններ Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ջոնի Դեփը եւ ուրիշներ: 2017 թվականին այդ կոչումը շնորհվել է ամերիկացի քանթրի-երաժիշտ Բլեյք Շելթոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: