Այս տարի հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներում լավ արդյունքներ են ցուցաբերում
Անկախ Հայաստանը միջազգային օլիմպիադաների մասնակցում է 1993 թվականից, այս ընթացքում Հայաստանի աշակերտները մոտ 50 մեդալ են ձեռք բերել այդ օլիմպիադաներից: Վերջին տարիների ընթացքում ամենաշատ մեդալներ`7, ունեցել ենք անցյալ տարի, սակայն այս տարի արդեն 3 առարկայից 6 մեդալ ունենք, իսկ հայ աշակերտները դեռևս մի քանի օլիմպիադայի են մասնակցելու: Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարի ակնկալիքը մինչև 10 մեդալ ունենալն է, իսկ նման ցուցանիշ դեռևս չի գրանցվել:
«Այս տարի բավականին հաջող տարի է օլիմպիադաների արդյունքով, քանի որ վերջին տարիներին նման ցուցանիշ չի գրանցվել: Հայ աշակերտները ներկայումս մասնակցում են քիմիայի օլիմպիադային: Սպասելիքներ կան, որ կունենանք մեդալ այնտեղից, իսկ ինֆորմատիկա և աստղագիտություն առարկաների օլիմպիադաները տեղի են ունենալու աշնանը: Հույս ունենք, որ այդտեղից ևս մեր թիմերը կվերադառնան մեդալներով, քանի որ նախորդ տարի այդ առարկաներից մեդալներ ենք ունեցել. չորս մեդալ` աստղագիտությունից, և մեկ մեդալ` ինֆորմատիկայից»,- ասաց Ա. Շահինյանը:
Նշենք, որ այս տարի մինչ օրս ՀՀ աշակերտներն ընդհանուր առմամբ ստացել են 6 մեդալ. մաթեմատիկայից ունենք 1 արծաթ, 2 բրոնզ, ֆիզիկայից` 2 բրոնզ, և կենսաբանությունից ունենք մեկ բրոնզե մեդալ: