«Գողական կյանքի» մասին խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունն անհետացել է e-draft-ից
Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft կայքում օրենսդրական նախաձեռնություն էր դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի։
Հանուն արդարության՝ պետք է նշենք, որ սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո նախագիծը հանվել է ու կայքում կրկին կտեղադրվի լրամշակումից հետո։
Նախաձեռնության հեղինակները օրենքի նախագիծը մշակելիս հաշվի էին առել հետխորհրդային երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Վրաստանի՝ նմանօրինակ նախագծերի փորձը։
Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, ըստ այդ նախագծի, պետք է պատժվեր ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվեր ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվեր ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելն էլ կպատժվեր տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Անշուշտ, քրեական ենթամշակույթը լուրջ մարտահրավեր է ցանկացած հասարակության համար, բայց այս սյուրռեալիստական օրենքի նախագիծը մշակողներին ցանկանում ենք ուղղել հետևյալ հարցերը՝
- Քրեական օրենսգրքում կա՞ արդյոք «քրեական ենթամշակույթ» և «քրեական ենթամշակույթին հարել» եզրույթների ձևակերպում ու մեկնաբանություն։
- Եթե մարդը սրճարանում նստած է, իրենց պատկերացմամբ, «քրեական ենթամշակույթ կրողի» հետ մի սեղանի շուրջ, խոսում, շփվում է նրա հետ, նշանակո՞ւմ է արդյոք, որ նա հարում է քրեական ենթամշակույթին։
Ծիծաղելի է, իհարկե, առանց քննարկման առարկայի բուն էությունը ձևակերպելու՝ դրա համար պատիժներ հորինելը, սակայն այստեղ, կարծում ենք, նպատակը հասկանալի է։
Սա մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու ամենապարզ եղանակն էր, քանի որ նշված նախագծով հնարավոր էր դատել յուրաքանչյուրին, ով կարող էր նյարդայնացնել, օրինակ, մեր իշխանություններին։
Պարզ ասած՝ յուրաքանչյուր մարդ, ով իր շրջապատի վրա ազդեցություն ունի ու կարող է իր գաղափարների շուրջ կոնսոլիդացնել մարդկանց, շատ հանգիստ կարող է համարվել քրեական ենթամշակույթի տարր ու պատասխանատվության ենթարկվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Իսկ սա շատ լուրջ մարտահրավեր է մեր իշխանությունների համար՝ հաշվի առնելով նրանց ապաշնորհ կառավարման հետևանքներին հասարակության լայն զանգվածների հնարավոր արձագանքը։
Օրենքի նախագիծն այս տեսքով բութ գործիք էր իշխանությունների ձեռքում, որը կարող էր ցանկացած պահի իջնել իրենց դուր չեկած յուրաքանչյուր մեկի գլխին։
Անլուրջ է ափալ-թափալ օրենքի նախագիծ մշակել ու կոնկրետ երկարատև ազատազրկումների տեսքով ծանր պատիժներ սահմանել անհասկանալի «հանցանքի» համար ու հետո շրջանառությունից հանել նախագիծը։
Միգուցե այս գաղափարը կյանքի կոչելիս ներկայիս իշխանությունները ոգեշնչվել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու փորձից, որովհետև նա էր ասում՝ «Ով ասում է՝ «Ես օրենքով գող եմ», պետք է դատապարտվի», բայց սա արդեն այլ հեքիաթից է։
Մեր երկրում դեռ շատ լուրջ իրավաբաններ կան. ամոթ չէ՝ մի բան անելուց առաջ հարցնել մասնագետներին։ Հարցնելը ծիծաղելի իրավիճակում հայտնվելուց շատ ու շատ ավելի լավ է։
ԱՍՊՐԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ