Սևակի որդին դատի չի տա Էմմիին (տեսանյութ)

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ Պարույր Սեւակի ժառանգները պատրաստվում են դատի տալ հայ երգիչներին, ովքեր առանց ժառանգների թույլտվության կատարում են Պարույր Սևակի խոսքերով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ ստեղծված հանրահայտ երգը՝  տեսահոլովակի մեջ երգի իրական հեղինակների մասին չհիշատակելով:

Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ այդ պատմությունից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ո՞վ է այդ լուրը տարածել, ընդհանրապես տեղյակ չեմ…Ես Էմմիին չեմ ճանաչում, գաղափար չունեմ՝ խոսքն ինչի մասին է, առաջին անգամ եմ լսում: Իսկ այդպիսի երգիչ-երգչուհիների չեմ լսում»,- ասել է նա:

Էմմիի մայրը եւ պրոդյուսերը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել, ասելով, որ «Մենք ունենք» նախագիծը «Հ1»-ինն է, ու ինքը համոզված է, որ Հանրայինը գործել է օրենքի տառին համապատասխան: Նա նաև հավելել է, որ Էմմին պատրաստվում է հարցի վերաբերյալ ուղերձ գրել facebook-ում, որովհետև չի ուզում որևէ հարցազրույց տալ: «Քանի որ ծրագիրը «Հ1»-ինն է, թող հեռուստատեսությունը պատասխան տա, իսկ մենք բոլոր հեղինակային իրավունքները պահպանել ենք: Եսային ամեն ինչ գրանցել է Ֆրանսիայում, նաև տեսահոլովակի սկզբում գրել է երգի  հեղինակների անունը: Կարծում եմ, եթե որևէ երգ արդեն տպագրված է, ուրեմն տարբեր կատարողներ իրավունք ունեն այն կատարել, ինչպես Սինատրայի «Նյու Յորքի», կամ Լայզա Մինելիի երգերի պարագայում: Իսկ եթե ուզում են, թող դատի տան, ի՞նչ ասեմ…Օրինակ՝ Արայիկ Բաբաջանյանը ուրախ էր, որ Էմմին ժամանակին կատարեց Բաբաջանյանի «Կամուրջները» կամ Էրիկը՝ «Քո հետքերը», ինչ պրոբլեմ կա էդտեղ»,- նշել է երգչուհին:

Տեսանյութեր

Լրահոս