«Լավ չէ, եթե պետք է չշարունակվի կամ կրճատվի «Անհատական գործընկերության գործունեության» ծրագիրը». Արա Պապյանը՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանը խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Մասնավորապես, հնարավոր է, որ Հայաստանը դուրս մնա «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual partnership action plan) ծրագրից։
«Գուցե հենց սա է պատճառը, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ ՀՀ իշխանական վերնախավի հետ քննարկումների արդյունքում հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվելու Հայաստան-ՆԱՏՕ հետագա հարաբերություններին»,- գրել էինք մեր հրապարակման մեջ։
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ։
– Պարոն Պապյան, 168.am-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Հայաստանը դուրս մնա «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-Individual partnership action plan) ծրագրից, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
– Եթե այդ ամենը ճիշտ է, և «Անհատական գործընկերության գործունեության» ծրագիրը չպետք է շարունակվի կամ էապես կրճատվի՝ լավ չէ։ Անվտանգության հարցը ցանկացած պետության կարևորագույն հարցն է, շատ ավելի կարևոր, քան՝ տնտեսական զարգացման կայունությունը, մշակույթը, որովհետև, եթե երկրում անվտանգություն չլինի, ապա ոչինչ չի լինի։ Մենք ինչո՞ւ էինք 90-ականներից ջանքեր գործադրում, որպեսզի մեր ստատեգիական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական հարաբերություններ ունենալուց զատ, որոշակի հարաբերություններ ունենանք նաև ՆԱՏՕ-ի հետ։ Որովհետև, ելնելով այն հիմնադրույթից, որ դա շատ կարևոր է, մենք պետք է ունենանք այլընտրանք։ Ռուսաստանը պարբերաբար հայտնվում է ներքին խժդժությունների առջև, գոնե 20-րդ դարում երկու անգամ այդպես եղել է՝ 1917 և 1991 թվականներին։ Եթե նման դեպքերում մենք ունենանք միայն, այսպես ասած՝ մեկ անվտանգության գոտի՝ ռուսականը, ապա կհայտնվենք այն նույն վիճակի մեջ, ինչ եղավ, օրինակ, 1917 թվականից հետո, երբ միայնակ մնացինք Օսմանյան Կայսրության, հետո՝ թուրքերի հետ։ Հաշվի առնելով այս ամենը, շատ կցանկանայի, որ 168.am-ի տվյալներն իրականությանը չհամապատասխանեին, և ՆԱՏՕ-ի հետ շարունակեինք պահպանել ոչ միայն այն, ինչ ունենք, այլև՝ ընդլայնեինք։
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը։
– Երբ, մենք 90-ականներին սկսեցինք, այն ժամանակ շատ ավելի հեշտ էր, քանի որ Ռուսաստանն ինքն էր սերտ համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ հատուկ հանձնաժողով կար՝ Ռուսաստան-ՆԱՏՕ։ Սակայն Ռուսաստանի հարաբերություններն աստիճանաբար սկսեցին լարվել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, ինչը մեզ վրա ևս անդրադարձավ։ Կոնկրետ ինձ մինչև հեղափոխությունն այդ հարաբերությունները չէին գոհացնում։ Իմ կարծիքով՝ հեղափոխության նպատակներից մեկն հենց այն է, որպեսզի հավասարակշռված հարաբերություններ զարգացնի։ Ի վերջո, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հատկապես վերջին տարիների քաղաքականությունը և ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, բացարձակ միակողմանի քաղաքականություն էր։ Այսօր, գոնե մինչև հիմա, մինչև վարչապետի բրյուսելյան այցը՝ չեմ տեսել գործնական հակակշիռներ։ Այժմ տեսնենք, թե բրյուսելյան այս այցն ինչ արդյունքներ կտա։ Կարևորն արդյունքն է, այլ ոչ թե՝ հանդիպումները, արարողակարգերը, քանի որ վերջին շրջանում դրա վրա շատ են ուշադրություն դարձնում՝ ասելով, թե՝ տեսեք, ինչպես դիմավորեցին, ինչքան մարդ կա, սա պարզապես արարողակարգ է, որտեղ կարևորն արդյունքներն են, սպասենք այդ արդյունքներին, տեսնենք՝ ինչ կլինի։
– Հաշվի առնելով՝ մի կողմից՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ոչ շահեկան դիրքերը, մյուս կողմից՝ Հայաստան-ՆԱՏՕ ոչ հարթ հարաբերությունները, կարո՞ղ ենք ասել, որ արտաքին աշխարհում Հայաստանի վարած քաղաքականությունը կաղում է։
– Արդեն նշեցի, որ այս խնդիրները գալիս են դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակներից, որովհետև, որքան էլ այսօր տարբեր հարցերում մեղադրում ենք Ռոբերտ Քոչարյանին, այդուհանդերձ նրա ղեկավարման տարիներին որոշակիորեն այդ կոմպլեմենտար քաղաքականությունն իրականացվում էր, դա ոչ միայն Քոչարյանի և Վարդան Օսկանյանի շնորհքն էր, այլև պետք է ընդունենք, որ Ռուսաստանը դեռևս «ոտքի» չէր կանգնել, նավթի գները չէր բարձրացել, և մեր վիճակն ավելի հեշտ էր։ Ընդունելով բավականին ծանր ժառանգություն, այն է՝ միակողմանի քաղաքականություն, այսօր դեռևս չեմ տեսնում գործնական լուրջ քայլեր այդ քաղաքականությունը փոխելու համար։ Այսինքն՝ այն, որ բազմիցս ասել եմ, և շատերն են ասել, որ պետք է ստեղծել այլընտրանքներ, միայն այլընտրանքները թույլ կտան ցանկացած փոքր երկրի հավասարակշռված քաղաքականություն վարել, սա դեռևս չեմ տեսնում։
– Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ հարթ չեն ընթանում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և ՆԱՏՕ-ի հետ ստեղծված խնդիրը հենց այդ հարաբերությունների հետևանք է։
– Ե՛վ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի, և՛ Եվրոպայի խորհրդի, այս բոլոր կառույցների հետ հարաբերությունները, ի վերջո, լայն իմաստով՝ հարաբերություն է Արևմուտքի հետ։ Իսկ Արևմուտքի հետ հարաբերությունները տարբեր հաստատությունների միջոցով են զարգանում։ Եվրամիության հետ, որն ավելի շատ տնտեսական և քաղաքական կառույց է, գործնականում շատ ավելի հեշտ է զարգացնել հարաբերություններ, գոնե այն առումով, որ Ռուսաստանն այդքան էլ «խանդով» չի վերաբերվում և շատ հարցեր հիվանդագին չի ընդունում։ Սա, այսպես ասած, նախաքայլն է նաև ռազմական հարաբերությունների։ Բայց այստեղ մենք բավականին խնդիրներ ենք ունենում կապված նրա հետ, որ, օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, որի պարագայում դրանից դուրս զենքի ներկրման վրա դրված են բավականին մեծ մաքսատուրքեր, ինչը մեզ խանգարում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Հիմա մերոնք շատ աղմուկ չեն հանում, բայց չպետք է մոռանանք, որ ՆԱՏՕ-ն մեզ պարբերաբար գերմանաֆրանսիական հակատանկային հրթիռներ է տվել։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը բավականին տանկեր ու զրահամեքենաներ ծախեց Ադրբեջանին, ըստ Ալիևի՝ 4 մլրդ-ի, մենք կարողացանք դրանով հակակշռել։ Հիմա իրավիճակ է ստեղծվել, որ ոչ ռազմական կառույցը, այսինքն՝ ԵԱՏՄ-ն, կարող է ազդել մեր ռազմական համագործակցության վրա, որովհետև այլևս չենք կարող դրսից զենք ներկրել։ Այս առումով բավականին ծանր վիճակ է, բայց մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի ունենանք այլընտրանքներ։ Ուզում եմ կրկնել, որ անվտանգությունը շատ կարևոր հարց է։ Ռուսաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առջև՝ տնտեսական և քաղաքական, հետևաբար՝ ամեն ջանք պետք է գործադրենք Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական հարաբերություններ, զարգացնելու համար։
Զվարթ Խաչատրյան