«Պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել». Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը աշխատում է պատշաճ մակարդակի վրա պահել հանրության բարոյահոգեբանական վիճակը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Եթե մեզ անընդհատ հակառակորդը դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է` հիմա հարձակվելու ենք, հիմա պատերազմելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարը բարձրացնում է իր, հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե ճի՞շտ է հասարակությունը պատերազմին պատրաստելը, պաշտպանության նախարարը նշեց, որ պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել:
«Ոչ թե պատերազմին պատրաստելը, այլ բարոյահոգեբանական պատշաճ մակարդակի պահելը, իսկ պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել»,- ասաց նախարար Տոնոյանը: