Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում նշվել է Սպարապետի ծննդյան 60-ամյակը
Այսօր` մարտի 5-ին, ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում տեղի է ունեցել Սպարապետի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետակաան այրեր, զինվորականներ, զինակից ընկերներ, հարազատներ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել զորամասում կանգնեցված Սպարապետի կիսանդրուն, որից հետո միջոցառումը շարունակվել է ելույթներով:
Միջոցառմանը Վազգեն Սարգսյանի զինակից, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ խոսելով Սպարապետի մասին, ասել է, որ նա ապրել է, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ և արել հնարավորը հանուն հայրենիքի ազատության և պաշտպանության, անկախության ու բարօրության՝ դառնալով հայոց նորագույն պատմության կերտողներից, և իր անունը հավերժ թողել հայոց հերոսական տարեգրության մեջ:
«Վազգեն Սարգսյանն այն ռազմական-քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՛ սերնդակիցները և՛ հետագա սերունդները: Կհիշեն, որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ ու հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի ու Սպարապետի: Նա իր կատարած գործերով ու ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը, որպես հայրենիքի հավերժ զինվոր: Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին: Նրա անմիջական ու գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը: Յուրաքանչյուր պահի նա մեր կողքին էր՝ օգնելով ու աջակցելով ցանկացած հարցի լուծմանը և ցանկացած ծրագրի իրականացմանը: Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքը հզոր ու ծաղկուն, զարգացած ու բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրականացմանը: Նա միշտ կենդանի է, միշտ մեզ հետ է և մեր կողքին»,- ասել է Բ. Սահակյանը:
ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանն իր խոսքում մասնավորապես ասել է, որ Վազգեն Սարգսյանի տեղն ու դերը հայ քաղաքական կյանքում շատ կարևոր էր:
«Վ. Սարգսյանն ասպարեզ եկավ այն ժամանակ, երբ իսկապես ազգին պետք էր առաջնորդ: Սպարապետը նրանցից մեկն էր, ով քայլ առ քայլ երկիրը բարձրացրեց մի նոր աստիճանի»,-նշել է Վ. Բալայանը:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանն այն անհատներից է, ով բացառիկ ներդրում է ունեցել հայկական բանակի կառուցման գործում:
«Ժողովուրդն այդ փաստն արձանագրել է իրեն բնորոշ պարզ հանճարեղությամբ՝ Վազգենին շնորհելով Սպարապետ պատվանունը: Բոլորս գիտենք, որ Վազգեն Սարգսյանը լավ արձակագիր էր, տաղանդավոր հռետոր և խոշոր պետական ռազմական գործիչ: Վ. Սարգսյանի կերպարում անթեղված է մեր ժողովրդի հերոսական ներկան և հավիտենական պայքարի գաղափարը: Նրա ներկայությունը թևավորում և ուժ էր տալիս զինվորականին ու բանվորին, մտավորականին ու գյուղացուն՝ նրանց միավորելով հայրենիքի փրկության դրոշի ներքո: Նա միաժամանակ զինվոր էր ու զորավար, առաջնորդ էր ու դիվանագետ, անում էր հնարավորը հայության ապագան կերտելու համար: Սպարապետը երբեք չի վազել փառքի հետևից: Նա չէր ձգտում հաճոյանալ պատերազմի Աստծուն, այլև շարունակում էր նրա քմահաճ վերաբերմունքը: Նա իսկական ժողովրդական հերոս է՝ պարզ, անմիջական և անկեղծ: Այժմ, առավել քան համոզված ենք, որ նա ծնվել է առաջնորդելու և հերոսանալու համար»,-մասնավորապես ասել է Ա. Առաքելյանը:
Ելույթով հանդես է եկել նաև զորամասի զինծառայող, սերժանտ Գագիկ Հարությունյանը: Նա ևս բարձր է գնահատել Սպարապետի անձնվեր գործունեությունը և նշել, որ Վազգեն Սարգսյանն իր և իր զինակիցների համար հայրենասիրության վառ օրինակ է, որի սխրանքները պետք է միշտ անմար պահել: