«Մարտի 1-ի դեպքերից առաջ կամ դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր զինված ուժերը». Տոնոյան
2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում ՀՀ զինված ուժերի ներկա լինելու իրավաչափության հարցը պետք է որոշի դատարանը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մարտի 1-ի դեպքերից առաջ կամ դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր զինված ուժերը: Այսինքն` ներկա են եղել Երևան քաղաքում: Մարտիմեկյան դեպքերին զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը հաստատվելու է դատարանով»,- ասաց Տոնոյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի քրեական գործի քննության արդյունքներով մանրամասներ էր ներկայացրել. համաձայն ՀՔԾ հաղորդագրության, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Այնուհետև այդ պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: ֊ «Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ», – ասված է հաղորդագրությունում: