Պակիստանը վերստին երկարացրեց թռիչքների արգելքն իր օդային տարածությունում
Պակիստանի ավիաիշխանությունները Հնդկաստանի հետ հարաբերությունների սրվելու կապակցությամբ վերստին երկարացրել են իրենց օդային տարածությունն օգտագործելու արգելքը, այս անգամ՝ մինչեւ մարտի 6-ի առավոտը։
«Պակիստանի օդային տարածությունը բոլոր գործողությունների համար փակ կմնա մինչեւ 2019 թվականի մարտի 6-ի UTC ժամանակով մինչեւ 8:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ն)»,- ասված Է NOTAM-ի ծանուցման մեջ, որը հրապարակված է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում: Ինչպես ճշտվում է, բացառություն է գործում Կարաչիի, Փեշավարի, Քվետայի եւ Իսլամաբադի օդանավակայանների համար, որոնց թույլատրել են չվերթների սպասարկումը վերսկսել մարտի 1-ից:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում:
Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: