Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդու հետ. Նարիա Զոհրաբյանը հերքում է
«Ես հասկանում եմ որպես նախկին լրագրող, որ լրագրային էլեգիան, լրագրությունը վերածել «Կիկոսի մահի» ժանրի, լրագրության մեջ գնալով շատ ավելի հաստատուն և ֆունդամենտալ ժանր է դառնում, բայց տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հերքելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ:
Նա նաև հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Գ.Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ. «Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը, և վերջ»:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջերս հանդիպել են Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը:
Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ:
Գագիկ Ծառուկյանը նաև խոսել է իր երբեմնի թիկնապահ, այսօր պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործի մասին: Ըստ տեղեկությունների, Արման Բաբաջանյանը վստահեցրել է, որ եթե հարցը հասնի ԱԺ, ԼՀԿ-ն կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է:
Մամուլի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջերս մի քանի անգամ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ: