Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ սպանություն կատարելու մեջ կասկածվողը ներկայացավ բաժին
Մարտի 4-ին՝ ժամը 00.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր հնչել, որ «Միքայելյան» հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը, ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էր, որ Սարկավագի փողոցի թիվ 32 տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Մուրադյանը հրազենով կրակել է 50-ամյա Արմեն Փարսադանյանի ոտքին ու կրծքավանդակին, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է։
Ոստիկանները սկսեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին ու հրազենը հայտնաբերելու ուղղությամբ’ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով։ Արդյունքում ժամը 20.30-ի սահմաններում Արմեն Մուրադյանը ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։