Սպիտակ տունն «ամոթալի» է որակել Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունը
Սպիտակ տունն ԱՄՆ-ի Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն «ամոթալի» եւ «վիրավորական» է որակել: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարության մեջ:
Դեմոկրատները Կոնգրեսում ընդլայնում են հետաքննությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ եւ ցանկանում են հարցաքննել 60-ից ավելի պաշտոնատար անձանց, ավելի վաղ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադլերը:
Նա հիշեցրել է, որ Թրամփն անկախ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը 1000 անգամից ավելի «վհուկների որս» է անվանել, պաշտոնից արձակել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին եւ «փորձել է պաշտպանել» ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:
Այս ամենը Նադլերը համարում է խոչընդոտում արդարադատությանը: Սանդերսի խոսքով՝ Նադլերը «ամոթալի եւ վիրավորական հետաքննություն է» սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: