ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից. Փոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մարտի 4-ին հավաստել է, որ մի քանի շաբաթից Փհենյանում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների հերթական փուլը՝ աշխատանքային մակարդակով: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին պատմել է Այովայի նահանգում գյուղատնտեսության ճյուղի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: Նրա ելույթը հեռարձակել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք դրան (բանակցությունների հերթական փուլին), որ իմ թիմը Փհենյանում կլինի առաջիկա մեկ-երկու շաբաթում: Ես շարունակում եմ աշխատել, որպեսզի գտնեմ այն ոլորտները, որոնցում մենք ընդհանուր շահեր ունենք»,- նշել է Փոմպեոն:
Նա ասել է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման «ընդհանուր ըմբռնում» ունեն, բայց «դեռեւս շատ մեծ աշխատանք կա անելու»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Փհենյանն ի վերջո համաձայնության կհասնեն վիճելի հարցերի շուրջը: Խոսելով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Հանոյում կայացած հանդիպման արդյունքների մասին՝ Թրամփը նշել է. «Նրանք ցանկանում էին միջուկազերծում ապահովել որոշակի շրջաններում, իսկ ես ցանկանում էի, որ այն լիներ լիակատար»,- պարզաբանել է Թրամփը՝ խոսելով այն պատճառների մասին, որոնք կողմերին խանգարեցին համաձայնության գալ:
Խոսելով երկրների միջեւ հետագա բանակցային գործընթացի հեռանկարների մասին՝ Թրամփն ընդգծել է. «Ես այն զգացողությունն ունեմ, որ հետագայում ինչ-որ բան կլինի, ինչ-որ լավ բան»: «Ժամանակի ընթացքում մենք ինչ-որ բանի կհասնենք»,- հավելել է Թրամփը:
Փետրվարի 28-ին Հանոյում ավարտվեց ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չհաջողվեց հասնել համաձայնությունների: Փհենյանը եւ Վաշինգտոնը հրաժարվեցին համատեղ փաստաթղթի ստորագրումից, բայց պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: