Բաժիններ՝

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլա Օջալանին

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանություններից պահանջեց ազատ արձակել քրդերի առաջնորդ, 20 տարի բանտարկության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Աբդուլա Օջալանին: Մարտի 2-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Այսօր լրանում է 20-րդ տարին այն օրից, երբ գերեվարվեց և ձերբակալվեց քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը և արտահանձնվեց թուրքական իշխանություններին: Թուրքական պետությունը Օջալանին դատապարտեց ցմահ բանտարկության: Այսօր թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի Օջալանի հարազատներն ու բարեկամները, նրա փաստաբանները տեսակցության գնան նրա մոտ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ու գերտերություններին, որպեսզի մի կողմ դնեն իրենց շահերը ու բռնեն թուրքական պետության բարբարոս ու արյունոտ ձեռքը: Ուզում ենք, որ ժամ առաջ թուրքական պետությունը ազատ արձակի Աբդուլա Օջալանին»,- ասաց Հասանովը:

Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակում իրականացված ցույցի ընթացքում քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին նաև, որ թուրքական պետությունը որդեգրել է քուրդ ժողովրդի բնաջնջման քաղաքականություն և իրականացնում  է ցեղասպանություն իրենց եղբայրների ու քույրերի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս