Բաժիններ՝

«Կարսում ապրող ադրբեջանցիների «ոգին» բարձր պահելու համար վերջին վատությունն արեցին հայերին՝ քանդելով Եղիշե Չարենցի տունը». թուրքագետ

Փետրվարի 25-ին լուրեր տարածվեցին Կարս քաղաքում անհասկանալի պայմաններում քանդված շինության մասին, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։

Արևմտյան Հայաստան ճամփորդություններ կազմակերպող տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ դա եղել է փետրվարի 23-25-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տեղեկությունը ցնցեց հայերին, քանի որ շատ զբոսաշրջիկներ էին այցելում այնտեղ: Այդ ընթացքում սկսեցին հակասական տեսակետներ հնչել: Շատերն ասացին, որ դա Չարենցի տունը չէ, բայց կոնկրետ փաստեր չբերեցին:

«Երբ Կարսում էինք, մեզ տարան երկու տուն ցույց տվեցին ու ենթադրաբար ասում էին, որ սրանցից մեկն է Չարենցի տունը, բայց ասեմ, որ դրանցից ոչ մեկն էլ  նրա տունը չէր: Չարենցն իր տան տեղը, տեսեք, թե ինչպես է նկարագրում. «Մենք ապրում էինք Վարդանի կամրջի մոտերքը, բերդի տակ և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրերին»: Եղբոր հետ իրենց տնից իջել են, Կարս գետին են վերևից նայել:

Ուրեմն, Չարենցի տունը գետի ոչ թե այս, այլ այն ափին է՝ Վարդանի կամրջի մոտ: Ավելին՝ նրա ընկերներից մեկի հուշերում էլ գրված է. «Եղիշեն ապրում էր բերդի ստորոտին»: Այսինքն, այն, ինչ քանդել են, պարզ չէ՝ Չարենցի տո՞ւնն է, թե՞ ոչ, ավելի շուտ՝ նրա տունը լինել չէր կարող: Առաջարկում եմ ճիշտ տունը գտնել, նորոգել ու դարձնել թանգարան: Դժվար բան չէ. հասցեներ կան, արխիվ կա: Եթե ցանկանան՝ մեկ օրում կգտնեն: Պետք է անպայման դիմենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,- մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Չարենցի ընտանիքը մի քանի տուն է ունեցել Կարսում:

«Ըստ պնդումների, երբ Եղիշե Չարենցի ընտանիքը Էրզրումից տեղափոխվում է Կարս, մի քանի տուն են փոխել: Մեկը Կարսի բերդի տակն է, որի մասին խոսում է գրականագետը: Այո՛, բերդի տակ ևս տուն ունեցել են, բայց դրա տեղը հայտնի չէ ու չի կարող լինել, որովհետև այդ հատվածում գտնվող հայկական բոլոր տները քանդված են: Մյուս տունը, որը ենթադրաբար նմանեցնում էին Չարենցի տանը, հենց այն շինությունն էր, որն օրերս քանդեցին: Բանաստեղծություններից մեկում Չարենցը նշել է՝ իրենց տունը գտնվում է «չուգունի կամրջի» դիմաց:

Հենց այդ շինությունն էլ տվյալ կամրջի դիմաց է: Գուցե կողքի տան մասին է, բայց գրականագետների, պատմաբանների մի մասը, ինչպես նաև Եղիշե Չարենցի բարեկամները, ովքեր եկել են Կարս՝ դա համարում են իրենց տունը: Ի դեպ, Կարս գետի վրա կառուցված են մի քանի կամուրջներ՝ երեքը քարե կամուրջներ են, որոնցից ամենահայտնին Վարդանի կամուրջն է, իսկ սա ցարական կայսրության ժամանակ կառուցված չուգունե կամուրջն է: Այն գետի վրա է՝ Կարսի հայտնի այգու մեջ»,- նշեց թուրքագետը:

Հարցին՝ ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ քանդվեր այս շինությունը, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց.

«Սկզբում վաճառքի էին հանել, բայց հայերին չվաճառեցին, հետո լուրեր տարածվեցին, թե այն գնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Արևմտյան Հայաստանում հայկական մշակույթի պահպանման ջատագով «Անատոլիայի մշակույթ» (Anadolu Kultur) հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալան: Նա հաճախ էր Երևան գալիս: Հիմա ձերբակալված է, մեղադրվում է հեղաշրջման փորձին մասնակցած անձանց հետ կապ ունենալու մեջ: Խոսակցությունների համաձայն՝ նա գնել է շինությունը, որպեսզի հետագայում տուն-թանգարան կառուցեր:

Հարյուր տոկոսով՝ տունն ազգայնական հողի վրա է քանդվել, որովհետև այդ շրջակայքում բազմաթիվ այլ լքված տներ կային: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե այդտեղ հավաքվում էին թմրամոլներ: Դա ուղղակի շաբլոն բացատրություն է՝ հիմնավորելու ցանկացած քաղաքապետարանի անօրինական որոշում: Ինչո՞ւ կողքի լքված տներում չէին հավաքվում այդ դեպքում: Կամ, եթե թմրամոլներ էին հավաքվում, տունը պետք է քանդեի՞ն»:

Թուրքագետն ընդգծում է՝ Կարսում հիմա քաղաքապետն ազգայնական է, Կարսում ադրբեջանցիներ ևս ապրում են, ու նրանց ոգին, այսպես ասած, բարձր պահելու համար վերջին վատությունն արեցին հայերին, որ չգան, չկանգնեն ու չլուսանկարվեն:

«Կարսի ներկայիս քաղաքապետն ազգայնական է, ասում են՝ անգամ ադրբեջանական արմատներ ունի: Քանի որ ընտրություններ են լինելու, գիտակցում է, որ անցողիկ շեմը հաղթահարելու շանս չունի, փորձում է՝ ինչ որ կապված է հայի հետ՝ վնասել: Կարսի կենտրոնում ավելացրել է Թուրքիայի դրոշներն ու գրությունները: Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու դիմաց փոքր այգի կա, այդտեղ մեծ տառերով «Կարս» է գրել, կողքին էլ՝ Թուրքիայի դրոշը: Այսինքն, երբ ուզենաս «Կարս» գրության մոտ նկարվել՝ ավտոմատ Թուրքիայի դրոշի մոտ ես նկարվում»,- նկատեց Անդրանիկ Իսպիրյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս