Բաժիններ՝

«Քաղաքապետն ու իր տեղակալը կայացրել են այնպիսի որոշում, որով շրջանցել են ավագանուն». Դավիթ Խաժակյանը՝ Բուզանդի 1/3 շենքի որոշման մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները։ Քաղաքապետարանն արդեն ծանուցումներ է ուղարկել շենքում գտնվող բոլոր խմբագրություններին՝ քաղաքապետը խմբագիրներին 5 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։

Ի դեպ, լրատվամիջոցներից շատերի պայմանագրերը՝ տարածքներն անհատույց օգտագործելու վերաբերյալ, դեռ չեն լրացել։

Նշենք նաև, որ Բուզանդի 1/3 շենքում տեղակայված լրատվամիջոցների ղեկավարները պնդում են, որ քաղաքապետարանից ստացած ծանուցումներում նշված է՝ «5 օրում ազատել զբաղեցրած տարածքները», իսկ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նշում են, որ ծանուցման մեջ գրված է, որ տրվում է «մեկ ամիս ժամանակ, որին գումարում են 5 օր ևս»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով՝ նախորդ գումարման ավագանու նիստի ընթացքում իրենց ներկայացվել է նախագիծ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող որոշ տարածքներ անհատույց տրամադրել մի շարք լրատվամիջոցների, որին ավագանին կողմ է քվեարկել։

«Չանդրադառնալով այն բանավեճին, թե ինչ սկզբունքներով են տարածքները տրամադրվել կազմակերպություններին, քանի որ դրանք քննարկելի հարցեր են, բայց այստեղ բանը հասել է նրան, որ քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի և նրա տեղակալ Հայկ Սարգսյանի, որը հանդիսանում է աճուրդների հանձնաժողովի ղեկավարը, կայացրել են որոշում, որը, ըստ էության, շրջանցել է ավագանուն։ Այսինքն՝ ավագանին որոշ ժամկետով տալիս է թույլտվություն՝ տարածքն անհատույց օգտագործելու համար, բայց աշխատակազմն այդ որոշումն անտեսում է և խզում է որոշման հիմքով կնքված պայմանագիրը»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Ըստ նրա, այս ամենն առաջին հերթին խոսում է այն մասին, որ Երևանի քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները, ինչը նույնն է, որ ավագանին կայացնի որոշում, և քաղաքապետն այդ որոշումը չկատարի։

Ավելին՝ առանց ավագանու որոշման որևէ մեկը չի կարող հին որոշումը չեղարկել, և եթե կայացվել է որոշում, ապա աշխատակազմն այն չկատարելու հնարավորություն չունի։

«Խնդիրն այն է, որ քաղաքապետարանն այս տարածքները դիտարկում է արդյունավետության տեսանկյունից, որովհետև լրատվականներին ուղարկած ծանուցումներում նշված է, որ այդ քայլին գնում են արդյունավետության բարձրացման համար։ Խոսքն այստեղ այն մասին է, որ տարածքը տալու են ոչ թե այլ կազմակերպության կամ լրատվամիջոցի, այլ՝ որպեսզի մի քանի դրամ ավելի ստանան այս տարածքներից։ Այս մոտեցումը, բնականաբար, ընդունելի չէ, որովհետև նախ՝ խոսք չի կարող լինել շատ մեծ գումարների մասին, և այս շենքի պայմաններն էլ այնպիսին չեն, որոնք կարող են մեծ գումարներ բերել»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։

Նա նաև նկատեց, որ, եթե կա որոշում, ապա քաղաքապետարանն առնվազն պետք է սպասեր, մինչև ավագանու որոշման նախագծի ժամկետն ավարտվեր։

Դ. Խաժակյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետը կամ իր տեղակալը նման որոշում կայացնելիս տեղյակ են եղել, թե այդ որոշումը հատկապես ում վրա է անդրադառնալու։

«Կա՛մ պետք է տեղյակ լինի, կա՛մ ոչ պրոֆեսիոնալ՝ չհասկանալով, թե իր կայացրած որոշումն ում վրա է անդրադառնալու»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։

Ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը չհամաձայնեց Դավիթ Խաժակյանի այն տեսակետին, թե քաղաքապետարանն այդ քայլին է գնում՝ «մի քանի դրամ ավելի գումար ստանալու համար»։

«Այդ ծանուցումներն ուղարկվել են սխալ ձևակերպմամբ, քանի որ մի քանի օր առաջ աճուրդի հանձնաժողովում քննարկում էինք այս տարածքների համար սահմանված գները, որը մեծ գումար չէ»,- ասաց Անի Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս