Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
մ. Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ դատարանն ընդունել է ավանդական որոշումը՝ մերժում.
«Սա ինձ համար, իհարկե, սպասելի էր։ Կանենք այն, ինչ մինչև օրս արել ենք, ևս մի քանի փորձ կանենք և միջնորդություն կներկայացնենք, «պեպսի-կոլայի» նման՝ «կրկին փորձիր»։ Գործի նյութերը դե ֆակտո դեռևս չենք ստացել, կարծում եմ՝ երևի երկու շաբաթ կպահանջվի»,-ասաց փաստաբանը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ Արսեն Մկրտչյանը նշեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենի ասածներին ավելացնելու որևէ բան չունի։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմելուն, Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ընդհանուր այդ հարցը կքննարկեն և որոշում կկայացնեն։
Զվարթ Խաչատրյան