Դրդապատճառները հասկանալի չեն. ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բաքվում հակահայկական երթին ռուս խորհրդարանականների մասնակցության մասին
Հայկական կողմը իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Վարդան Տողանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն հանգամանքին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում հակահայկական երթի են մասնակցել, ասել է.
«Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում ռուս խորհրդարանականների՝ Բաքվում կայացած երթին մասնակցելու կապակցությամբ, որն ակնհայտ հակահայկական բնույթ ունի և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: Մեզ բոլորովին հասկանալի չեն խորհրդարանականների դրդապատճառները՝ ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում և ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս են կազմում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը և հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որի նպատակն է թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»,-ասել է դեսպան Տողանյանը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ Բաքվում մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող ակցիայի, որը հակասում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ոգուն: Ավելին՝ արդարացի անհանգստություն է առաջացնում այդ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների մասնակցությունը», – ասել է Միրզոյանը: