«Մամուլի դեմ հայտարարվել է պատերազմ, պետք է դիմադրել և պաշտպանվել».  Աղասի Ենոքյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ հինգ օրում պետք է ազատեն  իրենց զբաղեցրած Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքները, լրատվականների խմբագիրներն արդեն ստացել են քաղաքապետարանի ծանուցումները։

Լրատվականներից շատերի պայմանագրերի ժամկետը դեռևս չի լրացել, ուստի նրանք պատրաստվում են դիմել դատարան։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Աղասի Ենոքյանը լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով մամուլի նկատմամբ իշխանությունների նման վերաբերմունքին՝ նկատեց՝ ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին «սևերի» ու «սպիտակների», այնպես էլ մամուլն է ներկայումս ակամա բաժանվում «սևերի» ու «սպիտակների»:

«Մենք տեսնում ենք, որ մեր, այսպես ասած, «հպարտ» գործընկերները, որոնք ինչ-որ «հպարտ» բաներ են ասում, թե մամուլը պետք է ինքնածախսածածկվի, պետք է թափանցիկություն լինի, բայց գիտեք, ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորն իրար ճանաչում են և գիտեն, թե նրանք ինչպես են դարձել «հպարտ» ու ինքնածախսածածկվող։ Կարծում եմ՝ բոլորս էլ այս պատմություններին տիրապետում ենք, ուղղակի չենք ուզում դրա մասին բարձրաձայնել»,- նշեց Աղասի Ենոքյանը։

Նրա խոսքով՝ բոլորին էլ հայտնի է, թե ապրիլին Հայաստանում հեղափոխությունն ինչպես է եղել՝ այն եղել է մամուլի ու ժողովրդի միջոցով։

«Այն ժամանակ ժողովուրդը հպարտ էր, երբ հեղափոխություն էր անում, հիմա դարձել է «աղքատ ուղեղներով» ժողովուրդ, այսինքն՝ հեղափոխության այդ գործիքն իրենց արդեն պետք չէ, դեն են նետում, և ոչ միայն դեն են նետում, այլև վարկաբեկում են։ Այն ժամանակ մամուլն օպերատիվ էր, հեղափոխական էր, բայց հիմա հանկարծ պարզեցին, որ մամուլի 90 տոկոսը նախկին իշխանությունների սեփականությունն է, և մամուլի դեմ հայտարարվեց պատերազմ։ Համարում եմ, որ սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է։ Այսինքն՝ իշխանությունը հարձակվել է, «սև»՝ ոչ իշխանական մամուլը պետք է փորձի դիմադրել ու պաշտպանվել։ Գիտենք՝ հիմա ինչ է, լրագրացված քաղաքականություն է, այսինքն՝ նրանք եղել են լրագրող և գիտեն, թե տրամաբանությունն ինչպիսին է, և նրանց թվում է, թե կարող են այդ տրամաբանությունը ջարդել… չեմ կարծում»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։

«Նյութ» լրատվական գործակալության ղեկավար Աշոտ Աղաբաբյանը նկատեց, որ Բյուզանդի 1/3 շենքի աջ և ձախ կողմերում շենքեր կան, որոնք պատկանում են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, ուստի Երևանի քաղաքապետարանին կոչ արեց գնալ և դրանք վերցնել ու արդունավետ օգտագործել: «Ինչ վերաբերում է  քաղաքապետարանի այն պնդումներին, թե այս ճանապարհով հավասար դաշտ են բերում մամուլին, քանի որ «Հետքի» խմբագրությունը նույն շենքում է և վճարում է, առաջարկում եմ, որ այդ խմբագրությունն էլ դարձնեք  անվճար, և բոլորս հավասար կլինենք:

Մենք աղբանոց ենք ստացել, միլիոններ ենք ծախսել: Կարծում եմ, որ միայն իրենք չեն Երևան համայնքի համար աշխատում, մենք էլ ենք աշխատում»,- եզրափակեց Աշոտ Աղաբաբյանը:

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս