Բաժիններ՝

Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի օդուժի երկու օդաչուների ձերբակալման մասին

Պակիստանի բանակը ձերբակալել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների, որոնց ինքնաթիռները փետրվարի 27-ի առավոտյան խփվել էին երկրի օդային տարածությունը խախտելուց հետո, նրանցից մեկին բուժօգնություն է պահանջվում: Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած բրիֆինգում հայտարարել է Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը: Բրիֆինգը հեռարձակել է Geo TV հեռուստաալիքը:

«Հնդկական երկու ինքնաթիռ է խփվել: Դրանցից մեկն ընկել է մեր տարածքում, մյուսը՝ իրենց: Երկու օդաչուներ ձերբակալված են: Նրանցից մեկը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրան անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերվի: Մյուս օդաչուն կալանքի տակ է»,-ասել է Գաֆուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Իր հերթին ANI հնդկական գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը փետրվարի 27-ին պակիստանյան F-16 կործանիչ են խոցել, որը Հնդկաստանի օդային տարածությունը խախտել էր Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Նովշերա շրջանում:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Պակիստանի տարածքում, իսկ օդաչուն հասցրել է կատապուլտվել: Նրա վիճակը հայտնի չէ:

ANI-ն նաեւ հայտնել է, որ փետրվարի 27-ին պակիստանյան ինքնաթիռները Հնդկաստանի օդային տարածությունը խախտել են Ջամուի եւ Քաշմիրի Պունչ եւ Նովշերա շրջաններում, սակայն հնդկական օդուժի գործողությունների շնորհիվ ի վերջո հարկադրված է եղել հետ վերադառնալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս