«Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելն իրավական հարց է և կպարզաբանվի. պետք չէ քաղաքականացնել». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել էր, որ տարիներ առաջ՝ 2006 թվականին, իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից, սակայն դրա մասին տեղեկացել է օրերս՝ իր պաշտպանից։

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Սամվել Բաբայանին Արցախի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու մասին, ինչպես շատերը, այդ թվում՝ նաև ինքը, տեղեկացել է լրատվամիջոցներից։

«Սա իրավական խնդիր է, կարծում եմ՝ իրավապահ մարմիններն այս հարցն անպայման կպարզաբանեն։ Ի վերջո, ինչպես Սամվել Բաբայանն է պնդում, նրան քաղաքացիությունից զրկել են 2006 թվականին՝ 13 տարի առաջ, այլ ոչ թե երկու օր կամ մեկ ժամ առաջ։ Հետևաբար՝ պետք է պարզաբանվի, տեսնենք՝ այն, ինչ նա ասում է, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է տեղի ունեցել, ո՞վ է դրա պատասխանատուն, և այլն։ Այսինքն՝ սա չպետք է քաղաքականացնենք, պետք է սկզբնական փուլում պարզել։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ ու հստակ է լինելու, պարզապես պետք է մի քիչ սպասենք, որպեսզի պատկան մարմիններն ուսումնասիրեն և պաշտոնական հայտարարությամբ հանդես գան և պարզաբանեն ստեղծված իրավիճակը»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկել են, որպեսզի վերջինս չկարողանա մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ, եթե այդ մասին խոսեին 30-40 տարի առաջ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, տարբեր հանգամանքներով պայմանավորված, բայց այսօր արդեն նոր իրավիճակ է, նոր հասարակություն։

«Սերնդափոխություն է տեղի ունեցել, մեզ համար կարևորագույն խնդիրն ինքնիշխան, ժողովրդավարական և նորմալ երկիր կառուցելն է, որտեղ չկան արտոնյալներ, չկան հատուկ վերաբերմունքի արժանացող մարդիկ։ Հատուկ վերաբերմունքի արժանացող մարդիկ կարող են լինել միայն սոցիալական ոլորտում, այլ ոլորտներում չի կարող լինել։

Հատկապես իրավական, քաղաքական ոլորտներում արտոնյալներ ու յուրայիներ չեն կարող լինել, սա վաղուց ոչ միայն հնացած է, այլև անհնարին է։ Իրավական պետության համար ամենակարևորը սա է։ Արցախում քաղաքական և իրավական իմաստով որևէ մեկը չի կարող լինել արտոնյալ և ոչ արտոնյալ, մեր քաղաքացիները բոլորը հավասար են պետության ու օրենքի առջև, ինչպես հավասար են Աստծո առջև»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս