ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի: Այս մասին փետրվարի 22-ին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի քաղաքականության աջակցության ծառայության տնօրենի տեղակալ Չարլզ Լոնսդեյլը, ով, ի դեպ, եղել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը (2008-2012թթ.):

«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին՝  վերջին շրջանում նաև դրական դինամիկայի հույսով, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Իլհամ Ալիևի պարբերական դարձած ոչ պաշտոնական հանդիպումներով»,- ասել է Լոնսդեյլը:

Ընդգծելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կողմերի հանձնառությունը՝ նա աջակցության պատրաստակամություն է հայտնել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են: «Բայց մենք ուղղակիորեն ներգրավված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում»,- նշել է ծառայության տնօրենի տեղակալը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս