Աննա Հակոբյանը պնդում է՝ վարչապետի մոտ չի բարեխոսում ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու համար

2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան այրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» բացման  արարողությունը։ Սակայն այս տարվա փետրվարին նույն կենտրոնը կրկին բացվեց, որին ներկա էին վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

168.am-ը Աննա Հակոբյանից հետաքրքրվեց, եթե նույն կենտրոնը նախկինում պաշտոնապես բացվել էր, ապա ի՞նչ իմաստ կար երկրորդ անգամ ևս բացել, Ա. Հակոբյանը նկատեց, թե հարցն ի սկզբանե սխալ է, քանի որ միավորվել են Արյունաբանական կենտրոնի և Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, ուստի տեղի է ունեցել այդ միավորման բացումը։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ այժմ նա ամենաքննադատված առաջին տիկինն է, ինչպես է վերաբերվում այդ քննադատություններին, Աննա Հակոբյանը նշեց, որ, եթե լրագրողն ասի՝ ինչի համար է քննադատվել, գուցե ասի, թե ինչպես է դրանց վերաբերվում։

«Ընդհանուր քննադատությանը առողջ եմ վերաբերվում։ Ինչ վերաբերում է Մարիամիկի ծննդյան հետ կապված խոսակցություններին, ապա դա այլ բան է, իսկ քննադատությունը՝ այլ։ Նման դեպքերում նույնիսկ անլուրջ է դրա մասին խոսելը կամ մեկնաբանելը։ Ինչպես մեկ անգամ ասել եմ, լուրջ քննադատությանն իսկապես լուրջ եմ վերաբերվում և լուրջ հետևություններ անում։ Իսկ տարատեսակ լուրերը, որոնք կապ չունեն իրականության հետ, լուրջ չեմ ընդունում»,- նշեց Աննա Հակոբյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ ՀՀ վարչապետի մոտ չի միջնորդում, որպեսզի իր ծանոթ-բարեկամներին տեղավորի աշխատանքի։

Հիշեցնենք, որ օրերս մամուլն անդրադարձել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին և նրա որդուն՝ Հարություն Մաշադյանին, որը նշանակվել է Երևանի կայազորի զինդատախազ։

Աննա Հակոբյանը հաստատել էր, որ Ռ. Մաշադյանն իր խորթ մորաքրոջ թոռն է, որին վերջին անգամ տեսել է 2010 թվականին։

«Իմ անձնական օրինակը կբերեմ, երբ եղել եմ լրագրող 10 տարի, այնուհետև՝ գլխավոր խմբագիր, գրել եմ խմբագրականներ, դրանից առաջ՝ նյութեր, ռեպորտաժներ։ Ես միայն մեկ բանից եմ վախեցել, որը եղել է մշտական, որպեսզի չգրեմ ինչ-որ բան, որը կկարդան, օրինակ, Բաղրամյան 26-ի կաբինետներում նստած մարդիկ և ինձ վրա կծիծաղեն։ Եթե ես քննադատելիս եմ եղել կամ ինչ-որ պնդում եմ արել քննադատական, ոչ թե 100 տոկոս, այլ գոնե իմ խղճի առաջ և իմ գիտակցության մեջ մինչև վերջին կաթիլը ճշտել եմ այն բոլոր հիմքերը, որոնք ինձ թույլ են տալիս նման պնդում անել իշխանության հասցեին։ Կրկնում եմ՝ ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, միշտ մտածել եմ, որ իմ որևէ բառը հիմք չտա, որպեսզի որևէ մեկը, անկախ այն հանգամանքից, թե ով է, ծիծաղի իմ գրածի վրա»,- եզրափակեց Աննա Հակոբյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս