Բաժիններ՝

«Ապրանքներն այնպես են մակնշում, որ մարդ չկարողանա կարդալ». Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկայում խնդիրները բազմաթիվ են, դրանց շարքում է նաև ապրանքների մակնշման խնդիրը։

«Դրսից ներկրված ապրանքների մեծ մասի վրա, որտեղ մակնշումը նորմալ գրված է, հատկապես՝ ռուսերենով, մեր հայերը վերցնում են, իրենց լղոզված մակնշումը փակցնում են հենց այդ ռուսերենի վրա, որպեսզի շատ մարդ հնարավորություն չունենա կարդալու։ Մակնշումն այնքան մանր տառատեսակով են գրում, որ մարդ չկարողանա կարդալ, ժողովուրդն ինչպե՞ս իմանա, իր գնած սնունդն ինչ բաղադրություն ունի։ Միշտ ասել ենք, որ սննդի մակնշման համար կա հատուկ ստանդարտ, ըստ որի՝ պետք է ապրնքների վրա  կատարվի բարեխիղճ մակնշում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով ապրանքների մակնշմանը։

Ըստ նրա՝ մակնշումն ապրանքների վրա պետք է լիարժեք լինի, որպեսզի սպառողը կողմնորոշվի և հասկանա, թե ինչ է գնում։

«Եթե մակնշումը կա, սակայն այն պատշաճ չի գրված, այսինքն՝ լղոզված է, ապա օրենքը նախատեսում է տուգանք։ Ժամանակին մենք պայքարում էինք, որպեսզի  խանութներում վաճառվող էլեկտրատեխնիկան ունենա պատշաճ մակնշում և ենթակա լինի վերադարձման։

Այսօր հասել ենք նրան, որ էլեկտրատեխնիկայի խանութներում կփակցնեն բոլոր ապրանքատեսակների անունները մանրամասնություններով։ Հուսանք՝ նույնը կլինի նաև այլ ապրանքատեսակների մասով»,- նշեց Մ. Հակոբյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս