«Ես չէի սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տրոլինգի, ձեռ առնելու, մուննաթի»
«Ես չէի սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տրոլինգի, ձեռ առնելու, մուննաթի, և նաև որոշ դեպքում՝ սպառնալիքների: Բնականաբար, դեռևս ամեն ինչ խոսքով է տեղի ունեցել: Նիստից հետո կրկին կուսակցությունը լուրջ ատելության խոսքի հարձակման տակ է, և նաև որոշակի մեդիա մանիպուլյացիաների, կեղծ լուրերի տարածման միջոցով հարձակման տակ է, և ցավով պետք է նշեմ, որ էստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դերակատարում ունեն, որի մասին կուսակցությունն իմ նախաձեռնությամբ հայտարարություն տարածեց շաբաթ օրով: Որևէ բան մեզ չի կանգնեցրել նախկինում և չի կանգնեցնելու հիմա: Մենք զուսպ, հանգիստ, հանդարտ, հետևողական, հավատալով մեր գաղափարներին ու սկզբունքներին՝ շարունակելու ենք աշխատել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտնելով, որ մոտ օրերս ԼՀ-ն շրջանառության մեջ կդնի Սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ:
Ըստ նրա՝ այդ փաթեթն ինքը պատրաստել է դեռ «Ելք» դաշինքի ժամանակ, բայց հեղափոխական պրոցեսները սկսվեցին:
Մարուքյանը նշեց, որ խոսքը խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացման մասին է, օրինակ՝ խմբակցությունը, լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու, պետք է ստորագրություններ հավաքի, կամ՝ խմբակցությունը չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողով ստեղծել, կամ՝ չի կարող դիմել Սահմանադրական դատարան, և այլն:
Մարուքյանի դիտարկմամբ՝ այսօր իրավիճակն ավելի վատ է, որովհետև, եթե նախկինում 4 խմբակցություն էր, ապա այժմ՝ միայն 3, և ստորագրություններ հավաքելն ավելի բարդ է: Ավելին, նրա կարծիքով, Հայաստանը դեռևս ամբողջությամբ չի անցել խորհրդարանական կառավարման, և այս նախաձեռնությունը կօգնի նաև դրան: Մարուքյանն առաջին փուլն անվանեց կոնսուլտացիաների փուլ, որ նախագիծը կուղարկեն մյուս խմբակցություններին՝ ծանոթանալու, կքննարկեն և պաշտոնապես կդնեն շրջանառության մեջ:
Սահմանադրական կարգի փոփոխության և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին ՀԱԿ-ի առաջարկի վերաբերյալ Է.Մարուքյանը նշեց, որ հարգում են գործընկերներին, սակայն դեմ են դրան.
«Հայաստանն անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսել՝ կիսանախագահականից պառլամենտականի: Նախկինում՝ 1991թ.-ից 1995թ. Սահմանադրությամբ, Հայաստանը եղել է ամբողջական նախագահական կառավարման երկիր, նախագահն այնպիսի լիազորություններ է ունեցել, որ անպատկերացնելի: 2005թ., երբ Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դարձավ կիսանախագահական, մի քիչ լիազորություններ տվեցին պառլամենտին: Հետո 2015թ. եղան փոփոխություններ, ու հայտարարվեց՝ երկիրը գնում է պառլամենտական կառավարման: Հրայր Թովմասյանին, Սերժ Սարգսյանին էլ եմ հարցը տվել՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն էլի կմնա՞ն ձեր ենթակայության տակ, ասում էին՝ ոչ, ոչ, նրանք կդառնան նախարարություններ: Էդպիսի բան դուք տեսե՞լ եք նախագծում: Չէ»:
Մարուքյանը նշեց, որ ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս անցնել ամբողջական խորհրդարանական կառավարման, եթե իրենց նախագիծն ընդունվի. «Հիմա մենք խորհրդարանական կառավարումը չհամտեսած՝ նորից ետ գնանք կիսանախագահակա՞ն: Ես կարծում եմ՝ դա հետընթաց է, և գտնում եմ, որ մենք պետք է առաջ գանք: Այսինքն՝ այն խեղաթյուրված համակարգը, որ հիմա դրել են, որ սուպերվարչապետական սարքեն, պետք է դրանից էլ առաջ շարժվենք և գնանք ամբողջական պառլամենտական կառավարման»:
Մարուքյանը նաև նկատեց, որ, եթե այս համակարգը չլիներ, հեղափոխություն չէր լինի:
Է.Մարուքյանի համոզմամբ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու համար միայն քաղաքական կամք է պետք, և կառույցները չքաղաքականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայիս պնդումները թույլ փաստարկ են.
«Մենք չպետք է վարչապետին համոզենք մի բան, որ նրա համոզմունքն է եղել, ինքն է ամբիոնից ասել: Ես համոզելու բան չունեմ»:
Հակառակ դեպքում, ինչպես նշեց Մարուքյանը, պաշտպանության նախարարությունը քաղաքականացված է: Ըստ նրա՝ ՀՀ փորձ ցույց է տվել, որ այդ մարմինները քաղաքականացված են այն դեպքում, եթե նրանք խորհրդարանական վերահսկողությունից դուրս են, իսկ խորհդարանական վերահսկողության տակ չեն կարող քաղաքականացնել:
Մարուքյանը հայտարարեց, որ եթե համոզմունքը 8 ամսվա մեջ փոխվում է, և հիմա իշխանությունն ասում է, որ ոստիկանության հարցը կարող է քննարկել, ապա իրենք կիսատ ռեֆորմների կողմնակից չեն. «Համակարգն ամբողջությամբ պետք է հետ գա»: