Երևանի քաղաքապետարանը բացառելու է դեմպինգը շինարարական մրցույթներում
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Սարգսյանը նկատել է, որ չնայած, օրենքով հաղթող է ճանաչվում առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ ընկերություննները դիմել են դեմպինգի՝ առաջարկելով խիստ տարբերվող ցածր գին, ինչը ձևավորել է ոչ առողջ մրցակցային մթնոլորտ: Սա, փողքաղաքապետի խոսքով անմիջականորեն ազդել է աշխատանքների որակին:
«Այսուհետ քաղաքապետարանն ուժեղացված հսկողություն է իրականացնելու շինարարական աշխատանքների որակի նկատմամբ: Ունենք դեպքեր, երբ 100 մլն դրամ նախահաշվային արժեքով մրցույթում հաղթել է ընկերություն, որը, դիմելով դեմպինգի, առաջարկել է 20 մլն դրամ: Կամ օրինակ 40 մլն նախահաշվային գնով մրցույթներում հաղթել են 11 մլն-ով: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել արհեստական գնիջեցում, որը չի կարող չանդրադառնալ նաև իրականացվող աշխատանքների որակի վրա, որովհետև նախահաշվային արժեքները մշակվում և հաշվարկվում են շուկայական իրական արժեքների հիման վրա: Մենք, իհարկե, հակված ենք, որ տնտեսումներ լինեն և դրանք ուղղենք այլ՝ ոչ պակաս կարևոր ծրագրերին, բայց նաև չենք կարող թույլ տալ, որ մրցույթներին մասնակցությունը շարունակվի նման մոտեցմամբ», – ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ: Թե՛ շինարարության, և թե՛ տեխնիկական հսկողության ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները: Ընկերությունները ոչ միայն կտուգանվեն և կհայտնվեն «սև ցուցակում», այլև, կախված խախտումների տեսակից կարող են ենթարկվել մինչև անգամ քրեական պատասխանատվության:
Փոխքաղաքապետն ընդգծել է, որ քաղաքի այս տարվա բյուջեով կապիտալ շինարարությունների համար հատկացումներն ամենամեծն են, ինչը նշանակում է, որ կան բավարար միջոցներ որակյալ աշխատանք իրականացնելու և դրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար:
«Ժամանակն է, որպեսզի մենք և մեր երեխաները քայլենք որակյալ կառուցված մայթերով ու փողոցներով, ապրենք ամուր շենքերում: Եթե որևէ գործառույթ իրականացվեց խախտումով կամ պահանջների թերի կատարմամբ, ապա դրանք չեն ընդունվելու և ունենալու են իրավական լուրջ հետևանքներ»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մրցութային պահանջների հետ կապված որոշ հարցեր: