Տեսել է Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ ոգևորվել ու ներդրում է կատարել ՀՀ տարբեր մարզերում, բայց լիարժեք չի կարողանում ծառայություն մատուցել
Ներտնային գազասպասարկման ոլորտում խնդիրներ են առաջացել: «Էկոնոմգազսերվիս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դանիել Զաքարյանը, ով հեղափոխությունից մեկ ամիս առաջ եկել է Հայաստան, իսկ հետո տեսել է Նիկոլ Փաշինյանի քայլարշավը՝ ոգևորվել ու ներդրում է կատարել ՀՀ տարբեր մարզերում, այսօր լիարժեք չի կարողանում ծառայություն մատուցել:
«Երբ տեսա Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ մի քիչ ոգևորվեցի, ավելի արագ գործեցի, սկսեցի աշխատանքները ծայրամասային գյուղերից, ներդրում արեցի ՀՀ տարբեր մարզերում: Մեր ժողովուրդը միշտ անտարբերության է մատնված եղել: Օրինակ՝ մարդու բնակարանում գազի արտահոսք էր, գազն առանց վառելու՝ հաշվիչը պտտվում էր, փակեցինք, հաջորդ ամիս քիչ վճարեցին գազի սպառման համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոնոմգազսերվիս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դանիել Զաքարյանը:
«2003-2008թթ. մենք էլի աշխատել ենք այս ոլորտում, բայց 2005թ. մեզ շուկայից ապօրինաբար դուրս մղեցին: Հիմա նորից վերադարձել ենք Հայաստան՝ ոչ միայն գազի սպասարկման ծառայություն մատուցելու, այլև ծրագիր ենք ներկայացնելու էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման բնագավառների համար: Ամեն ինչ էկոնոմ է լինելու: Ես «Գազպրոմ Արմենիային» չեմ մեղադրում, այլ համակարգին: Այն, թե ինչպես են սովորել աշխատել: Մենք ապօրինի ոչինչ չենք անում, մատուցում ենք պատշաճ, բարեկիրթ սպասարկում: Երեք ծառայություն՝ մեկ անգամ վճարվող գումարով»,- նշեց Դանիել Զաքարյանը՝ հավելելով, որ ՀՀ բոլոր մարզերում ծառայություններ սկսել են մատուցել, բայց չգիտես ինչո՞ւ՝ «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի տեսուչները սպառնում են:
«Մեր բնակչությունը քիչ տեղեկացված է: Որտեղ որ տղամարդիկ բացակայում են՝ արտագնա աշխատանքի են, և այլն, հիմնականում նրանց վրա են ազդում, քանի որ շահերը պաշտպանող չկա: Ո՞նց կարելի է մարդկանց իրենց բնակարաններում սպառնալ: Ժողովուրդն այսօր վախեցած է, հատկապես՝ գյուղերում: Գյուղերում իմ հետևից փակում են բնակչի գազը, ես գնում-բացում եմ: Եթե հարց ունեք՝ հարգելի «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչներ, բարձրաստիճան ինստիտուտներ, ինձ դիմեք: Ոչ ոք իրավունք չունի բնակչին անտեղի նեղություն պատճառել: Ժողովուրդն իրավունք ունի իր սեփական բնակարանում ցանկացած կազմակերպության հետ պայմանագիր կնքել» ,- նկատեց «Էկոնոմգազսերվիս» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:
Հարցին՝ այս մասին տեղյակ պահե՞լ են Կառավարությանը, Դանիել Զաքարյանը դրական պատասխան տվեց:
«Բոլորին տեղեկացրել ենք խնդրի մասին, Կառավարությանը՝ նույնպես, պարզապես ասում են՝ փաստ ներկայացրեք, որ բնակչին խանգարել են, որ ձեզ հետ պայմանագիր կնքի»,- հայտնեց նա:
«Էկոնոմգազսերվիս» ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխանցմամբ՝ իրենք ծրագրում են ամեն ինչ անել, որ մարդկանց ծախսերը կրճատվեն:
«Ժամանակին ամբողջ տարվա համար 3000 դրամ էինք պահանջում, բայց վերցրին ու թանկացրեցին: Նախկինում, երևի հիմա էլ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ոչինչ հետաքրքիր չէ: Մենք պայքարելու ենք սրա համար, ժողովրդի իրավունքները ոչ ոք չի կարող ոտնահարել: Ո՞նց կարելի է ասել՝ նրա հետ պայմանագիր չկնքես»,- հավելեց Դանիել Զաքարյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ փաստաբան Արսեն Թավադյանն էլ, անդրադառնալով խնդրին՝ նկատեց.
«Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ազատություն է, և այն հստակ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Միայն լիցենզիայով կարող են լինել որոշակի սահմանափակումներ: Այժմ ՀՀ-ում ունենք գազի բաշխման ցանց, որը կառավարող ընկերությունը նախկինում «ՀայՌուսգազարդն» էր, հիմա՝ «Գազպրոմ Արմենիա» վերանվանված ընկերությունը: Գազի ցանցին միանում է նաև մեր բոլորի բնակարանների ներքին ցանցը, որը պատկանում է բնակիչներին, նրանց սեփականությունն է հանդիսանում, և օրենքով որևէ տեղ արգելք չկա՝ բնակչի կողմից որևէ կազմակերպության ընտրության հարցում: Կազմակերպություն, որը կիրականացնի իրեն պատկանող բնակարանում գազի համակարգի սպասարկումը:
Բայց դեռևս 2005թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին որոշում (թիվ 95-Ն), որտեղ նախատեսված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավունք ունի իրականացնել նաև բնակարանների ներսում գտնվող գազի համակարգերի ներտնային սպասարկում և դրա համար առանձին վճար գանձել: Իսկ եթե բնակիչը հրաժարվում է վճարել գումարը, «Գազպրոմ Արմենիան» կարող է անջատել գազամատակարարումը: Սա օրենքով նախատեսված չէ և անթույլատրելի է: Ենթաօրենսդրական ակտով չեն կարող նման կարգավորում նախատեսել, եթե օրենքով ամրագրված չէ:
Նույն որոշման մեջ նախատեսված է եղել այն, որ «Գազպրոմ Արմենիան» այս ներտնային համակարգի սպասարկման գործառույթն իրավունք ունի փոխանցել այլ կազմակերպության: Այդ կազմակերպությունը ներկայումս գործող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, որն իրավունք է ստացել ներտնային սպասարկում իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում՝ ենթաօրենսդրական ակտի հիման վրա, ոչ թե օրենքով, ու դրա համար գումար գանձել, իսկ գումարը սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավունք չուներ սահմանել վճար, քանի որ դա իր լիազորությունների ոլորտում չէ: Այսինքն, ենթաօրենսդրական ակտով այնպիսի սահմանափակում կամ պարտավորություն է դրվել, ինչը նախատեսված չէ օրենքով: Օրենքով քաղաքացին կարող է ցանկացած կազմակերպության հետ կնքել ներտնային գազի սպասարկման պայմանագիր, ստանալ ծառայություններ»:
Անի Կարապետյան