«Ինչո՞ւ ենք օնլայն տիրույթում խանգարում բուքմեյքերական ընկերություններին նոր մրցակցային դաշտ ձևավորել». Վահագն Թևոսյան
Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թող ների ինձ իմ գործընկեր ու լավ ընկեր Հրաչ Հակոբյանը, բայց քանի դեռ նորմալ քննարկում չի ծավալվել, ու այնուամենայնիվ արդեն լայն շրջանառում է ստանում բուքմեյքերների գովազդների արգելքի մասին օրենքի նախագիծը, ես ասեմ, որ էս պահին իմ արած հետևությունների արդյունքներով՝ ես չեմ կարող կողմ լինել էդ նախագծին:
Գուցե ինչ-որ բաներ բաց եմ թողել, գուցե քննարկենք ու ինչ-որ բաներ ինձ համար հասկանալի դառնան, բայց էս պահին իմ հետևությունները սրանք են.
Հանրային կարծիքն այն մասին, թե արդյոք դուրեկան է այդ գովազդների առատությամբ փայլող կայքեր կարդալը, որպես միանշանակ հիմք չի կարող ընդունվել: Ես էլ եմ ասում՝ անդուր է: Բայց եթե հիմքը միայն դա է, ուրեմն եկեք խոսենք էդ գովազդային բլոկերի համար սահմանումներ տալուց: Թող դուրս չթռչեն, թող ծանր չլինեն, թող փոքր լինեն, հազար ու մի ուրիշ բան:
Եթե հիմքը նաև այն է, որ մենք պայքարում ենք բույքմեյքերության դեմ՝ կհասկանամ: Բայց եթե Ալեն Սիմոնյանը նախաձեռնում է բուքմեյքերական կետերի սահմանափակման նախագիծ (ինչին կողմ եմ, ի դեպ), բայց թողնում ենք այդ ընկերություններին օնլայն տիրույթում, ապա ինչու՞ ենք նույն տիրույթում խանգարում նրանց նոր մրցակցային դաշտ ձևավորել:
Ի վերջո այդ ընկերություններն այդուհետև մոտիվացված են լինելու գովազդներ տեղադրել միայն օնլայն հարթակներում՝ դեպի իրենց ռեսուրսներ քլիքեր ապահովելու համար: Իսկ սա նշանակում է՝ գովազդային շուկայի ընդլայնում ու լրատվամիջոցների համար ֆինանսական անկախության ևս մի աստիճան նվաճելու հնարավորություն:
Գովազդն արգելելով՝ անում ենք հակառակը: Փակում ենք դեպի այդ ֆինանսական անկախություն տանող նեղ երդիկներից մեկը՝ հավելյալ բարդություններ ստեղծելով զանգվածային լրատվության միջոցների համար:
Առավել ևս կարծում եմ, որ խաղադրույքային օնլայն հարթակների ու բուքմեյքերական կետերի վիճակագրականի համեմատությունը խոսելու է ի օգուտ առաջինների՝ տվյալ դեպքում նվազ վտանգավորության տեսակետից: Չնայած տվյալներին չեմ տիրապետում, ու գործընկերներս, վստահ եմ, կտրամադրեն:
Սրանք այս պահին իմ միակ հետևություններն են, որոնցում չեմ բացառում, որ սխալվում եմ: Հույս ունեմ՝ առողջ բանավեճ կծավալենք:
Ավելացում. Պնդել, թե դրանք կարող են փոխարինվել այլ գովազդներով, ասենք՝ մեզրի, շոկոլադի կամ կոշիկի, սխալ է: Ես աշխատել եմ այդ միջավայրում, գիտեմ շուկայի հնարավորությունները փոքրիշատե: Օնլայն հարթակներում գովազդ մեծամասամբ տեղադրում են նրանք, ում ուղիղ հղում է պետք դեպի իրենց հարթակներ»: