«Գուցե որոշում կա՝ փակե՞լ երկխոսության դուռը»
«Հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն է: Սակայն չի բացառվում, որ Կառավարության ծրագրում այդ թեման չներառելն ուղերձ է Թուրքիայի իշխանություններին, որոնք այս հարցն արդեն երկար ժամանակ մղել են ետին պլան: ԼՂ հակամարտության վերաբերյալ Կառավարությունն իր տեսլականը մանրամասնորեն ներկայացրել էր, ինչն ուրախալի է և կանխատեսելիություն է մտցնում գործընթացում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության ծրագրին: Ինչ վերաբերում է ծրագրի արտաքին քաղաքական մյուս հատվածներին, ապա Ռարն ասել է, որ ըստ էության այն ձևակերպումները, որոնք ներառված են ծրագրում երկկողմ հարաբերությունների հատվածում, ցույց են տալիս, որ Հայաստանն ամենախորը հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը համապատասխանում է այն հայտարարություններին, որ Հայաստանը շրջադարձեր չի կատարելու, քանի որ նախկինում ևս այդպես էր: Հետևաբար, նրա խոսքով, ծրագրի ներկայիս տեսքը բազմավեկտոր կոչել հնարավոր չէ, որովհետև նախկին իշխանությունների օրոք ևս ՀՀ քաղաքականությունը հիմնված էր մեկ գերտերության հետ ակտիվ և խորը հարաբերությունների վրա:
Իսկ թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցի անտեսումը թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից մեծ սխալ է: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ կողմերը՝ անկախ արդյունքից, իրենց դիրքորոշումը հայտնեն, այլապես տպավորություն է ստեղծվում, թե նման հարց գոյություն չունի: Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ ոչ մի հարևանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր հարց չէ, այն դուրս է նրանց քաղաքական օրակարգերից, չկան միմյանց նկատմամբ պահանջներ, նախապայմաններ:
«Սա մի փոքր տարօրինակ է թվում միայն այն հայտարարությունների ֆոնին, որոնք հնչել են: Այսինքն՝ ՀՀ նոր իշխանություններն իրենց հայտարարություններում չեն շրջանցել Թուրքիայի հետ հարաբերությունները, անդրադարձ դրանց եղել է, ուստի, թե ինչո՞ւ է ներկայումս որոշվել չանդրադառնալ երկկողմ հարաբերություններին՝ չեմ կարող ասել, գուցե որոշում կա՝ փակե՞լ երկխոսության դուռը»,- ասել է Աքթարը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: