Մահացել է Walt Disney ընկերության նախկին գլխավոր տնօրենն ու ընկերության հիմնադրի փեսան
Փետրվարի 9-ին կյանքի 86-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել է Ուոլթ Դիսնեյի փեսան եւ The Walt Disney Company-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոն Միլլերը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
«Walt Disney Co.-ում բոլորն են վշտացել Ռոն Միլլերի մահվան կապակցությամբ: Նրա կյանքն ու ժառանգությունը անքակտելիորեն կապված են մեր ընկերության եւ Դիսնեյի ընտանիքի հետ, որոնց համար նա շատ կարեւոր մարդ է եղել թե’ որպես գլխավոր տնօրեն, թե’ որպես Ուոլթի փեսա»,-ասված է The Walt Disney Company-ի նախագահ Ռոբերտ Այգերի հայտարարության մեջ:
Միլլերն ստեղծել է Touchstone-ը՝ Walt Disney-ի կինեմատոգրաֆիական ստորաբաժանումը, ինչպես նաեւ Disney հեռուստաալիքը: Աշխատանքի ընթացքում նա աչքի է ընկել իր փորձարարությամբ նոր հայտնված համակարգչային անիմացիայի բնագավառում:
Վերջին տասնամյակներին Միլլերը եւ նրա կինն զբաղվում էին գինեգործությամբ, 1981 թվականից նրանք Կալիֆոռնիայում ունեին խաղողի այգիներ եւ գինու գործարան, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: