«Հայրիկ, իմ սիրտը կոտրված է. ես սիրում եմ քեզ». Մեգան Մարքլը նամակ է գրել հորը
Արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերուհիները հավաստիացնում են, որ նա քանիցս փորձել է կապվել հոր հետ եւ նույնիսկ նամակ է գրել նրան: Այդ մասին նրանք հայտնել են People հանդեսին: Հրատարակության հետ անունը չհայտնելու պայմանով համաձայնել են խոսել Սասեքսի 37-ամյա դքսուհու հինգ մտերիմ ընկերուհիները:
Կանայք հայտարարել են, որ դա արել են «համաշխարհային մասշտաբի հալածանքին վերջ դնելու» եւ մեր ընկերուհու մասին ճիշտն ասելու ցանկությունից մղված: «Ամենեւին ճիշտ չէ որեւէ մեկին նման սթրեսի ենթարկել, հատկապես հղիության ժամանակ»,-նշել է նրանցից մեկը: Ընկերուհիների խոսքով՝ Մարքլը երբեք չի շփվել իր խորթ եղբոր ու քրոջ՝ Սամանթա Գրանտի եւ Թոմաս Մարքլ-կրտսերի հետ: Ապագա դքսուհու լույս աշխարհ գալու պահին նրանք արդեն դեռահասներ էին: Մարքլի մայրը բաժանվել է նրա հորից, երբ աղջիկը երկու տարեկան էր: Նա մեծացել է մոր մոտ եւ եթե տեսակցել էլ է Սամանթայի եւ Թոմասի հետ, ապա շատ հարզվադեպ: Ուստի նրանց պնդումները, թե Մեգանը մոռացել է իրենց մասին արքայազն Հարիի հետ հարաբերություններ սկսելուց հետո, դա իրենց վրա ուշադրություն հրավիրելու փորձ է: Դքսուհու ընկերուհիները նաեւ ընդգծել են, որ Թոմաս Մարքլը ոչ մի անգամ չի փորձել կապվել դստեր հետ, թեեւ գիտի նրա հեռախոսահամարը:
«Նրա համարը չի փոխվել: Նա չի զանգահարում, չի գրում: Մեգի համար պետք է որ շատ ցավալի լինի, չէ որ նա միշտ հնազանդ զավակ է եղել»,-պնդում են նրանք: Ընդ որում՝ Թոմաս Մարքլը քանիցս հայտարարել է, թե իր դուստրն է հրաժարվում իր հետ խոսել: Չնայած պապարացիների հետ սկանդալային նկարահանումներից հետո հարսանիքին ներկա չգտնվելու Թոմաս Մարքլի որոշմանը, Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին, այնուամենայնիվ, նրան խնդրել են գալ եւ նույնիսկ նրա հետեւից ավտոմեքենա են ուղարկել: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մարքլն ինֆարկտէ տարել, նրա դուստրը եւ արքայազն Հարին ամբողջ գիշեր զանգահարել են նրան: Ընկերուհիների խոսքով՝ հարսանիքից հետո Մեգանը հուզիչ նամակ է գրել հորը.
«Հայրիկ, իմ սիրտը կոտրված է: Ես սիրում եմ քեզ: Ես ընդամենը մի հայր ունեմ: Խնդրում եմ՝ վերջ տուր մեդիայի միջոցով ինձ ներկայացնել զոհի կերպարում, որպեսզի մենք կարողանանք վերականգնել հարաբերությունները»:
Ի պատասխան Թոմասն իբր դստերը խնդրել է համատեղ ֆոտոսեսիա անել: Դքսուհին եւս մեկ անգամ խնդրել է հորը ԶԼՄ-ներին չխառնել իրենց հարաբերություներն, բայց նա չի լսել: Ընկերուհիները նաեւ հասցրել են լինել Ֆրոգմոր-հաուս քաղաքամերձ նստավայրում, ուր շուտով կտեղափոխվի երիտասարդ ընտանիքը: «Մեգանն այնտեղ հարմարավետություն է ստեղծել: Ու նաեւ ամեն աստծո օր ուտելիք է պատրաստում Հարիի համար»,-պատմել են նրանք: