Թուրքիայում նույնասեռականները, փախստականները, հայերը, հույները անցանկալի հարևաններ են
Թուրքիայի «Kadir Has» համալսարանը երկրի հասարակության շրջանում առկա սոցիալ-քաղաքական միտումների վերաբերյալ ուշագրավ հետազոտություն է կատարել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հետազոտությունն անցկացվել է 2018թ․ դեկտեմբերի 12-ից մինչև 2019թ․ հունվարի 4–ն ընկած ժամանակահատվածում՝ 26 քաղաքներում բնակվող 18-ից բարձր տարիքային խմբի շուրջ 1000 բնակչի հետ։ Մասնակիցներին հիմնականում հարցեր են ուղղվել քաղաքականության, տնտեսական զարգացումների, հասարակական հարաբերությունների, Թուրքիայի և միջազգային օրակարգային թեմաների վերաբերյալ։
Հարցվածների մեծ մասը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի ամենամեծ բարեկամը Ադրբեջանն է, իսկ երկրին սպառնացող ամենամեծ վտանգի աղբյուրը՝ ԱՄՆ-ը։ Ամերիկայից հետո Թուրքիայի համար վտանգ ներակայացնող «թշնամի» երկրների ցանկում տեղ են գտել նաև Իսրայելը և Հայաստանը։ Ընդ որում՝ Հայաստանին որպես թշնամի երկիր ընկալող մասնակիցների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է։
Հետազոտության մասնակիցներին հարցեր են ուղղվել, թե ում կցանկանային տեսնել որպես իրենց հարևան, իսկ ում՝ ոչ։ Հարցվածների 53 տոկոսը նշել է, որ չէր ցանկանա՝ իր հարևանը համասեռամոլ լինի։ 45 տոկոսը չի ցանկացել ունենալ փախստական հարևան, 33 տոկոսը չի ցանկացել ունենալ հայ հարևան, իսկ 31 տոկոսը՝ հույն հարևան։
Հարցման արդյունքների համաձայն՝ երկրում նվազել է Թուրքիայում ապրելուց գոհ քաղաքացիների թիվը։ Մասնակիցների շուրջ 20 տոկոսը նշել է, որ հնարավորության դեպքում կլքեր Թուրքիան։
Թուրքիայում ապրելուց գոհ քաղաքացիների 38․8 տոկոսը հայտնել է, որ երջանիկ է, 19․8 տոկոսը համաձայնել է, որ դժբախտ է։ Ուշագրավ է նաև, որ Թուրքիայում ապրելուց գոհ քաղաքացիների հիմնական մասը իշխող կուսակցության ընտրողներն են, իսկ ընդդիմադիրների կողմնակիցները ավելի շատ հակված են եղել «ոչ երջանիկ, ոչ դժբախտ» պատասխանին։