Բաժիններ՝

«Երեխային կամ օրգանը վաճառելիս՝ որևէ մեկը չի կարող ներկա գտվել, սակայն իմ կողմից ԱԱԾ-ին հայտնած տեղեկությունների համար ափսոսում եմ». Ռուզաննա Ադանալյանը՝ երեխաների ու նրանց օրգանների վաճառքի մասին

«Դեռևս 2018 թվականի հուլիսի 23-ին  ԱԱԾ-ին իմ  կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, համաձայն որի՝  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների: Հաղորդման մեջ նշվել է նաև, որ կատարված ենթադրյալ հանցագործության մեջ ներքաշված են նաև այլ պաշտոնատար անձինք, բժիշկներ, մանկատների տնօրեններ: Ներկայացվել է հաղորդմամբ նշված անձանց տվյալները և այլ տեղեկություններ՝ Լուսինե Գինոսյանի մասին:

Այս կինը, բացի այն, որ վաշխառության շրջանակներում  պատճառել է նյութական վնաս, հանդիսանում է որդուս սպանության պատվիրատուն, մասնակցություն ունի նաև թմրանյութերի և ադամանդե քարերի անօրինական վաճառքի գործում: Այս մասին նշված է հանցագործության մասին տրված հաղորդման մեջ և հասցեագրված է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, և նրա կողմից նման ինֆորմացիայի չտիրապետելու մասին հերքումը չի համապատասխանում իրականությանը, անհիմն է: Հարկ եմ համարում նշել, որ Արարատ Միրզոյանի հայտարարությունն օդից կախված չէ, չփաստարկված չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը:

Նրա փոխանցմամբ՝ հաղորդում տալուց շուրջ մեկ ամիս ԱԱԾ-ից որևէ տեղեկություն չի տրամադրվել իրեն, տևական ժամանակ անց զանգ է ստացել Շիրակի մարզի ԱԱԾ մարզային վարչության աշխատակից Կամո Ներսիսյանի կողմից:

«Կամո Ներսիսյանն ասաց, որ ինձ հրավիրում են Շիրակի մարզի ԱԱԾ՝ իմ տված հաղորդման շրջանակներում պարզաբանում տալու համար: Շուրջ 2 ժամ տվել եմ պարզաբանում: Հայտնել եմ «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հանձնված երեխաներից մեկի տվյալներ, փաստեր: Մեկ ամիս անց ինձ զանգահարեց ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներից մեկը, ով ներկայացավ Վարդուհի Հայրապետյան անունով և հայտնեց, որ ԱԱԾ ներկայացված իմ հաղորդումն ուղարկվել է Մուշի բաժին, որպեսզի իրենք քննության առնեն:

Կարդացեք նաև

Այս ոչ իրավաչափ որոշումը տարակուսանք առաջացրեց: Հաղորդումն ուղղված է եղել ոչ թե՝ Մուշի բաժին, այլ՝ ԱԱԾ-ին: Կապ հաստատեցի Կամո Ներսիսյանի հետ, ով ասաց, որ իմ դիմումն ուղարկվել է իրավաբանական բաժին: Հետո գրություն ստացա, որ ԱԱԾ-ն լիազորություն ունի հաղորդագրությունն ուղարկել ոստիկանության ցանկացած բաժին: Պարզ է՝ ԱԱԾ-ն պարզապես խուսափել է քննության առնել երեխաների վաճառքի վերաբերյալ իմ կողմից նաև չնշված մանրամասն հանգամանքներ, որոշում չի կայացրել, ուղարկել է Մուշի բաժին, որ «գլխի ճարը» տեսնի»,- նշեց Ռուզաննա Ադանալյանը:

168.am-ի հարցին՝ կոնկրետ փաստեր ունի՞ նման հայտարարություններ անելու համար, Ռուզաննա Ադանալյանը պատասխանեց.

«Հարցն այն է, որ երեխային կամ օրգանը վաճառելիս՝ որևէ մեկը չի կարող ներկա գտվել, սակայն իմ կողմից ԱԱԾ-ին հայտնած տեղեկությունների համար ափսոսում եմ:  Ես նրանց տվել եմ երեխայի և անչափահաս մոր անունը: Լուսինե Գինոսյանը, ի դեպ, կապ ունի շատ անչափահաս աղջիկների հետ, ովքեր անցանկալի հղիություն են ունենում: Նրանք առաջինը հենց Լուսինեին են դիմում՝ իբր երեխային մանկատանը տեղավորելու համար: «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հիմնականում առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են, և նրանց որդեգրման հավանականությունը խիստ կապ ունի հենց օրգանների հետ: Հիմքերը ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ): Որդեգրումն իրականացվել է վաճառքի հիմքով: Ես չեմ կանգնել ու տեսել, թե ո՞նց են երեխային վաճառում: Իմ տեղեկությունների համաձայն՝  այդ աղջիկը գնացել է երեխայի մոտ՝ վռնդել են ու ասել, որ երեխան չկա»:

Հիշեցնենք, որ կառավարության հունվարի 10-ի նիստին ՀՀ արդարադատության նախարար  Արտակ Զեյնալյանը ներկայացրեց երեխաների որդեգրման նախագիծ։ Փաստաթուղթը բուռն քննարկման առարկա դարձավ նիստին։ Ներկայիս ԱԺ նախագահ, նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ որդեգրման հարցում խոսքը միայն կոռուպցիայի վտանգի մասին չէ, կան ավելի մեծ վտանգներ.

«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ Գումարները, որի մասին խոսում են, որոնք սկսվում են ծննդատնից ու շարունակվում, միայն այսբերգի գագաթն է, շատ ավելի ցավալի իրավիճակ ունենք, մասնավորապես՝ երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ արտասահման որդեգրվող երեխաների։ Մենք Արդարադատության նախարարության հետ ենք խոսել, այց է կատարվել՝ ստուգելու, մինչ այս կատարված փաստաթղթային ստուգումները բավարար են, այն առումով, որ ոչ մի վատ բան չի կատարվել, բայց շարունակաբար աշխատում ենք։ Կասկածներ կան, որ երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները բավականին հայտնի են նաև այդ վատ առումով»։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չեն ստացել։

«Այդ գործընթացը գտնվում է մեր վերահսկողության ներքո, և մինչ օրս նման դեպք չի եղել, որ երեխա որդեգրեն ու օրգաններն օգտագործեն։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ վերահսկողության ներքո»,- ասել էր ԱԱԾ տնօրենը։

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս ասել էր, որ նման քրեական գործեր չեն ստացել։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս